«Որտեղ էլ ապրես, սիրտդ միշտ քեզ այստեղ է բերում». Մարիամ Մերաբովայի էներգետիկ համերգը Երևանում

«Որտեղ էլ ապրես, սիրտդ միշտ քեզ այստեղ է բերում». Մարիամ Մերաբովայի էներգետիկ համերգը Երևանում

13:40 | 30.11.2018 | Մշակույթ

Ձայն, որը չի կարողանում ստել. այսպես են արտահայտվում ռուսաստանաբնակ հայազգի հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի մասին: Երեկ նրա էներգետիկ կատարումները լսելու հնարավորություն ունեցավ հայ հանդիսատեսը:  Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ երգչուհու՝ «Երջանկության100 ժամ» խորագրով համերգային ծրագիրը:

Երևան ջան. այս բացականչությամբ երգչուհին բարձրացավ բեմ ու ողջունեց հանդիսատեսին. «Ես անչափ ուրախ եմ նորից տեսնել ձեզ: Որտեղ էլ, որ ապրես, եթե ծնվել ես այս քաղաքում, սիրտդ միշտ քեզ այստեղ է բերում: Միշտ այդպես է լինելու ու հենց դա է ճիշտը»,-ասաց երգչուհին:

Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ  Մերաբովան կատարեց  ինչպես համաշխարհային ջազի դասական գործեր, այնպես էլ Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Արմեն եւ Լեւոն Մերաբովների երգերը սեփական մեկնաբանությամբ:

Բեմում երգչուհուն նվագակցում էր ամուսինը՝ «Miraif» նախագծի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը: Մերաբովան յուրատեսակ ջերմությամբ բեմահարթակ հրավիրեց նաև ամուսնու հորը՝ ավագ սերնդին հայտնի երաժիշտ Լևոն Մերաբովին: Նա նկատեց, որ սա իրենք առաջին համերգային շրջագայությունն է երեքով:

«Խոսքս մի լեգենդար մարդու մասին է, որն ինձ համար հայր է: Նա իմ ամուսնու հայրն է, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է՝ «Робот» երգը, որը կատարել է Ալլա Պուգաչովան, Կլավդիա Շուլժենկոյի «Домовой», Մուսլիմ Մագոմաևի «Пятое время года» երգերի հեղինակն է:

Նա մի մարդ է, որը յուրաքանչյուր տարիքում էլ երիտասարդ տղա է մնում»,-ասաց երգչուհին:

Լևոն Մերաբովը նշեց՝ վերջին անգամ Հայաստանում եղել է հեռավոր 1961 թվականին: Կոմպոզիտորը հանդիսատեսի համար կատարեց իր հեղինակային երգերից մեկը՝ «Поздняя любовь». «Ես 85 տարեկան եմ և ցավոք այնպես է ստացվել, որ հասցրել եմ երեք անգամ ամուսնանալ: Երրորդ անգամ սիրահարվել եմ 52 տարեկանում և մինչ օրս ապրում է երրորդ կնոջս հետ: Այս երգը գրել եմ մեր սիրո մասին»:

Համերգային երեկոյի ընթացքում Մերաբովան զուգերգ կատարեց նաև Արթուր Աղաջանովի հետ: Երգչուհուն հանդիսատեսը ինչպես դիմավորեց, այնպես էլ ճանապարհեց ջերմ ծափողջյուններով:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси