Երիտասարդներին հնարավորություն տալու համար չեմ առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով․ Ռաֆիկ Գրիգորյան

Երիտասարդներին հնարավորություն տալու համար չեմ առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով․ Ռաֆիկ Գրիգորյան

15:46 | 16.11.2018 | Քաղաքականություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անհիմն է համարում մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքն անակնկալի է եկել իր անունը ՀՀԿ ցուցակում տեսնելով: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե իր՝ ռեյտինգային կարգով չառաջադրվելը բխում է երիտասարդներին նոր հնարավորություն տալու սկզբունքից, ինչն, ըստ նրա՝ ամրագրված է նաև ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում։

«Քննարկումներ են տեղի ունեցել, երբ ՀՀԿ-ն գումարեց խորհրդի նիստ, որի ժամանակ ներկայացվեց նախընտրական ծրագիրը և որոշում ընդունվեց։ Քանի որ ընտրությունները արագացվեցին, իսկ ՀՀԿ-ն չհասցրեց համագումար գումարել, ընտրություններից հետո է ՀՀԿ-ն ձեռնամուխ լինելու կուսակցության արդիականացմանը և երիտասարդացմանը։ Այս գործողությունները Գեղարքունիքի մարզում նախկինում էլ են տեղի ունեցել, ինչի վառ ապացույցն այն է, որ Գեղարքունիքի մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկված են ՀՀԿ-ի երիտասարդական թևի ներկայացուցիչները»,- շարունակեց նա։

Ռաֆիկ Գրիգորյանը վստահեցնում է, որ քննարկումների և համաձայնության արդյունքում  է որոշում կայացրել ռեյտինգային ընտրկարգով չառաջադրվելը։ Նա ծիծաղելի է որակում այն տեսակետը, թե առանց իր համաձայնության է հայտնվել ցուցակում։

«Ինչպե՞ս կարող է առանց իմ համաձայնության նման բան լինել։ Չկա նման բան, քանի որ մինչ ցուցակում լինելը համապատասխան փաստաթղթեր են հարկավոր»,-շեշտեց Գրիգորյանը։

Պատգամավորը ՀՀԿ-ի նախըտրական ցուցակը՝ հատկապես Գեղարքունքի մարզինը, բավականին լավն է համարում, սակայն ՀՀԿ-ի և անձամբ իր շանսերից չի ցանկանում խոսել՝ նկատելով, որ շանսերը գնահատելու իրավունքը բացառապես ժողովրդին է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси