ՀՀ-ն պիտի զբաղվի այնպիսի ուղղություններով, որոնք կլուծեն բանակի կարիքները՝ այն ապահովելով ռազմաարդյունաբերական համալիրի տարրերով. Ս. Սեյրանյան

ՀՀ-ն պիտի զբաղվի այնպիսի ուղղություններով, որոնք կլուծեն բանակի կարիքները՝ այն ապահովելով ռազմաարդյունաբերական համալիրի տարրերով. Ս. Սեյրանյան

11:57 | 14.11.2018 | Քաղաքականություն

Սովորություն է դարձել Հայաստանում, որ ամեն մի նոր բերվող բյուջե պետք է ինչ-որ տերմինով կոչել, այս բյուջեն էլ կոչվում է իներցիոն: Այս մասին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: 

Նա նշեց, որ կառավարության նշած տրամաբանությամբ, իհարկե, բյուջեն իներցիոն է, սակայն, ըստ նրա, բյուջեի նախագիծն իներցիոն է նաև մի շարք այլ պատճառներով: «Բյուջեի այս նախագիծն առաջին հերթին իներցիոն է նաև իր մեթոդաբանության մեջ: Վերջին տարիներին բյուջեները փորձում են մեթոդաբանական երկու խնդիր լուծել` եղածի վրա հիմնված բյուջե, ուզածի վրա հենված բյուջե:

Երկրորդի պարագայում խանգարող մի հանգամանք կա` չկա պետության տնտեսական կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխանել տրամաբանական հարցերի՝ ծախսերի ուղղություններն ուր են տանում, ինչպիսի պետություն ենք ուզում ստեղծել և այլն: Այսինքն` կառավարության բյուջեով պե՞տք է այդ մոդելը ձևավորվի, թե՞ հակառակը` մոդելը մշակվի, և դրա հիման վրա էլ մշակվի բյուջեն»,- ասաց նա:

Սեյրանյանի կարծիքով` մյուս իներցիոն հանգամանքը տասնամյակներ շարունակ իրեն խորքի մեջ սպառած և շատ ու շատ հարցերի պատասխանը չունենալու պարտադրված մեթոդաբանություն է:

«Անշուշտ, կառավարությունն իր ծրագրում նշում է, որ շեշտադրում է անելու սոցիալական արդարության վրա, բայց լիբերալ շուկայական տնտեսության մեջ սոցիալական արդարությունը երբեք առաջնային չի եղել: Հայաստանի նման երկրները չեն կարող իրենց թույլ տալ այն շռայլությունը, որ հաշվի չառնեն սոցիալական արդարության խնդիրները»,- ասաց նա:

Մյուս խնդիրը, ըստ նրա, այն է, որ չնայած շատ կարևոր շեշտադրում է կատարվում բյուջեի նախագծի մեջ աշխատանքի խթանման ուղղությամբ` միկրոտնտեսության խրախուսում, բայց դա պետք է լինի չափելի: «Աշխատանքի խրախուսումով մենք ընդամենը խրախուսում ենք մի բան, կոպիտ ասած` տուն պահելու ինչ-որ տնտեսության, զբաղվածության տեղեր ենք ստեղծում: Աշխատանքի խնդիրը պետք է տարածել ոչ միայն սովորական բիզնես տրամաբանության մեջ, այլև պետք է լինի համապարփակ` արարելու, ստեղծագործելու խրախուսում, և ոչ միայն տնտեսության ոլորտում, այլև կրթության, գիտության մշակույթի և այլ ոլորտներում»,- ասաց նա և մտահոգիչ համարեց կրթության, գիտության մշակույթի ոլորտին բյուջեից հատկացվող գումարները:

Ըստ նրա՝ Հայաստանի նման երկրները ճակատագրով են դատապարտված զարգացնելու այնպիսի ոլորտներ, որոնք կհամապատասխանեն տարածաշրջանային քաղաքականությանը, թե ռազմատենչ հարևաններ ունենալու խնդրին, թե դեռևս չավարտված պատերազմին: «Ես նկատի չունեմ, որ Հայաստանը սուզանավ կամ «Իսկանդեր» պետք է արտադրի, այլ այնպիսի ուղղություններ, որոնք որ կարող են օգտագործել բանակի կարիքները՝ տեղական բոլոր հնարավոր ռազմաարդյունաբերական համալիրի տարրերով ապահովելով, սա իր հերթին լուրջ խթան է հանդիսանալու գիտության, ճշգրիտ գիտության զարգացման իմաստով, իմաստ ունի հետագա գործունեության մեջ դիտարկել նաև այս ամենը»,- նկատեց Սեյրանյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси