2019-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4600 դոլար. սա մեր երազանքի ցուցանիշը չէ Ջանջուղազյան

2019-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4600 դոլար. սա մեր երազանքի ցուցանիշը չէ Ջանջուղազյան

10:59 | 13.11.2018 | Քաղաքականություն

ՀՆԱ ճյուղային կառուցվածքը մշտապես եղել է մտահոգության առարկա: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով,  ՀՆԱ-ում հիմնական դերակատարություն ունեցել են ծառայությունների ոլորտը, գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը. «Ցավով պետք է արձանագրենք, որ ունենք ցածր արտադրողականություն ունեցող գյուղատնտեսություն, ունենք ծառայությունների ոլորտ, որտեղ երկրի մրցունակության տեսակետից նշանակալի գործոնները կարելի է գնահատել որպես բացակայող եւ ունենք հանքարդյունաբերության ոլորտ, որը, ճիշտ է, կարճաժամկետ հատվածում կարող է դիտարկվել որպես լավ ճանապարհ, բայց երկարաժամկետ առումով այն անհեռանկարային ուղղություն է»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա ընդգծեց, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2018-ին կկազմի 4 280 դոլար, իսկ 2019-ին ըստ կանխատեսվող գնահատականների, կկազմի 4604 դոլար: Նա հիշեցրեց, որ 1995 թվականին այն եղել է 404 դոլար, 2005 թվականին՝  2557 դոլար, իսկ 2017-ին՝ 3882 դոլար: «Սա մեր երազանքի ցուցանիշը չէ, մենք պատիկներով ավելացնելու հավակնություններ ունենք, բայց դրա համար պետք է ներդնենք մեր ջանքերը»:

Ջանջուղազյանն անդրադարձավ նաեւ եկամուտների բաշխմանը՝ նկատելով, որ այստեղ եւս վիճակը բարվոք չէ, մասնավորապես, մտահոգիչ է այն, որ նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը վատթարացմանմիտում է ունեցել:

«Մենք հիմա գտնվում ենք տնտեսական քաղաքականության քննարկման փուլում, որը բացի վեկտորի ընտրությունից նաեւ կտա լուծումներ, թե ինչպես իրականություն դարձնել այդ ձգտումները: Մասնավորապես, նախատեսվում է հանքահումքային, ցածր արտադրողական գյուղատնտեսությունից, ժամանցի, խաղային ոլորտներից անցում բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ առաջադեմ տնտեսական քաղաքականության մոդելի: Այն հիմնված կլինի արտահանելի ճյուղերի խթանման վրա»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси