«Ժամանակ». Մեծ ապամոնտաժում դեկտեմբերի 9-ին. ովքեր են այդ անձինք

«Ժամանակ». Մեծ ապամոնտաժում դեկտեմբերի 9-ին. ովքեր են այդ անձինք

10:18 | 13.11.2018 | Մամուլ

«Ժամանակ». Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանի արտահերթ ընտրությունը, ըստ էության, միտված է լինելու ավելի շուտ հին խորհրդարանական-քաղաքական համակարգի գործնականում վերջնականապես ապամոնտաժմանը, քան նոր համակարգի եւ նոր խորհրդարանի ձեւավորմանը:

Մենք ներկայումս գտնվում ենք նախկին ապաքաղաքական կամ պսեւդոքաղաքական համակարգի ապամոնտաժման տրամաբանության փուլում: Ընդ որում՝ հաճախ սա դիտարկվում է, այսպես ասած՝ կորստաբեր տրամաբանությամբ, որպես ժամանակի վատնում, կամ որպես ապակառուցողականություն եւ այլն:

Իրականում, եթե այդ գնահատականները պայմանավորված չեն նախկին համակարգի հետ ասոցացվող զուտ այս կամ այն ուժի, սեգմենտի շահերով, ապա որոշակիորեն կարծրատիպային գնահատական են, որ ի ցույց են դնում իրավիճակի գնահատման մեթոդաբանական սխալի առկայությունը:

Խնդիրն այն է, որ նախկին համակարգը լոկ դե յուրե իշխանություն չէր, հետեւաբար չէր կարող լոկ դե յուրե իշխանափոխությամբ համարվել ապամոնտաժված: Սակայն պետք են նաեւ համակարգի համալիր ապամոնտաժման քայլեր, քանի որ այդ համակարգը միայն դե յուրե իշխանությունից չէ, որ կազմված էր: Այն ուներ բուֆերներ՝ մեծ կամ փոքր, շատ կոնկրետ քաղաքական ուժերի եւ գործիչների տեսքով, այն ուներ ընդդիմադիր սեգմենտներ:

Թվում է, թե այդ ամենին արժեր մոտենալ Գորդյան հանգույցը լուծելու սկզբունքով, այսինքն` թրի մեկ հարվածով: Այստեղ, սակայն, դարձյալ առկա է իրավիճակի գնահատման, ախտորոշման ամբողջական մեթոդաբանության խնդիրը: Նախկին համակարգի առանձնահատկությունը եղել է այն, որ գործել է մոլախոտի սկզբունքով՝ փորձելով զանազան միջոցներով ու մեթոդներով քայլ առ քայլ տարածվել հանրային հնարավորինս շատ շերտերում: Ընդ որում՝ օգտագործվել է ոչ միայն ուղիղ գործարքի կամ ուղիղ պարտադրանքի տարբերակը: Կիրառվել են բազմաթիվ տարբերակներ, որոնց «էֆեկտը» եղել է, այսպես ասած, ժամանակի ու տարածության մեջ, երբ «գործարքի» գնացող քաղաքացին չի էլ զգացել, թե ինչպես է ներգրավվում դրա մեջ: Որովհետեւ մեկ հարվածով քանդելու սկզբունքի կիրառումը կարող է ստեղծել իրավիճակ, երբ կպարզվի, որ հեղափոխությունը հայտնվել է փոքրամասնության «մեջ»:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կավարտվի մեծ ապամոնտաժման վեցամսյա փուլը, որից այն կողմ խնդիրը լինելու է այլեւս քաղաքական համակարգի ձեւավորման դաշտում, զարգացումները մտնելու են այդ տրամաբանություն: Երաշխավորված չէ, որ դրանք կկրեն որակապես այլ բնույթ, քան մինչ այժմ: Սակայն այն, որ նոր զարգացումների հիմքում լինելու է ընտրությունը՝ որպես ակտ, արդեն իսկ շոշափելի ազդեցություն է թողնելու հետագա գործընթացների վրա:

Իհարկե, կա թերեւս մի կարեւոր հանգամանք՝ ոչինչ չի կարող փոխարինել կամ փոխհատուցել ամենակարեւորը՝ էլիտաների որակները, քաղաքականության մեջ ներգրավվողների անձնական, անհատական որակները: Ի վերջո, դրանք են ձեւավորելու նոր ինստիտուցիոնալ համակարգը, դրանք են լինելու համակարգի հիմքում: Այդպես է բոլոր երկրների պարագայում, եւ զարգացած քաղաքական համակարգով պետություններում այսօր ինստիտուտներն են լուծում հարցերն ու թելադրում անհատներին իրենց կանոնները եւ տրամաբանությունը, որովհետեւ ժամանակին այդ ինստիտուտների հիմքերը դրել են անձնական, անհատական իսկապես ահռելի որակներով անձինք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси