ՊՆ-ն շվեդական Gripen կործանիչներ ձեռք բերելու որոշում չունի. Դավիթ Տոնոյան

ՊՆ-ն շվեդական Gripen կործանիչներ ձեռք բերելու որոշում չունի. Դավիթ Տոնոյան

17:17 | 12.11.2018 | Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չունի: Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Եկեք չկենտրոնանանք որևէ զինատեսակի վերաբերյալ ՀՀ ՊՆ որևէ առաջարկության վրա: Մենք բոլոր առաջարկություններն ուսումնասիրում ենք ու գնին, որակին ու մատակարարման ժամկետներին համապատասխան որոշումներ են կայացվում: Որևէ որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա»,- նշեց Տոնոյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առկա է այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է ու մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված:

Նա նաև հավելեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Պաշտպանության նախարարությունը չի արձագանքելու նախարարությանը վերաբերող հայտարարություններին:  «Ես խնդրում եմ, որ ըմբռնումով մոտենաք, մենք չենք արձագանքելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Շվեդիան Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է ձեռք բերել SAAB ընկերության կողմից արտադրվող JAS-39 Gripen կործանիչները: Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ-ի իր սեփական աղբյուրին:

Ինչպես ընդգծում է գործակալությունը, այս առաջարկը հաջորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևան կատարած այցին, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյան խոսել էր Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հավանականության մասին՝ նպատակ հետապնդելով նվազեցնել կողմերի կախվածությունը Ռուսաստանից ստացվող մատակարարումներից:

Գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ առաջարկը վերաբերում է 8 կործանիչից կազմված խմբաքանակին: Մեկ ինքնաթիռի ենթադրյալ արժեքը 55-60 մլն եվրո է, բացի այդ, հնարավոր է ինքնաթիռների ձեռքբերման լիզինգային սխեման: 

JAS-39 Gripen-ը 4-րդ սերնդի թեթև տեսակի, մեկ շարժիչով աշխատող կործանիչ է, որի մարտական շառավիղը կազմում է 800 կմ: Այն կարող է կրել ինչպես «օդ-մակերես» տեսակի զենքեր, այնպես էլ «օդ-օդ» տեսակի հրթիռներ հակառակորդի կործանիչներին դիմագրավելու համար: Այն առանձնանում է արևմտյան արտադրանքի համար համեմատաբար ցածր գնով:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси