Ընդերքի շահագործման հարցում թափանցիկությունն անհրաժեշտ է, բայց ներդրողների տեսանկյունից նախագիծը շատ զգայուն է. Խ. Հարությունյան

Ընդերքի շահագործման հարցում թափանցիկությունն անհրաժեշտ է, բայց ներդրողների տեսանկյունից նախագիծը շատ զգայուն է. Խ. Հարությունյան

12:33 | 12.11.2018 | Քաղաքականություն

Պետությունների մեծ մասում ընդերքը հանրային սեփականություն է, և այս ընդերքի հանրային սեփականության օգտագործման գործընթացը պետք է հանրության համար հասկանալի ու թափանցիկ լինի. «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: 

«Ես այն կարծիքին չեմ, որ թափանցիկությունն անհրաժեշտ չէ, և այդ նախաձեռնությունն օգտակար չէ: Խոսքն այն մասին է, որ պետք է անչափ հստակ լինի, որ հետո կիրառելու հնարավորություն չստեղծվի»,-ասաց նա և նշեց, որ մտահոգությունն այն է, որ ներդրողների տեսանկյունից նախագիծը շատ զգայուն է: 

«Արդյո՞ք փաստաթղթի ընդունումը հավելյալ պրոբլեմներ չի ստեղծի և խնդրահարույց չի դառնա ներդրողների համար»,-ասաց նա: Նախագիծը ներկայացրած ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանն ասաց, որ մտահոգություններն ընդունելի են և քննարկման կարիք ունեն: 

«Բայց թափանցիկ հանքարդյունաբերությունն այսօրվա դրությամբ շատ կարևոր է, եթե մտահոգություն կա, որ ներդրողների համար մտահոգություն կարող է առաջացնել, եթե ինչ-որ բաներ թաքցնելու խնդիր ունի այդ ներդրողը, ուրեմն մեզ այդպես ներդրող պետք չի»,-ասաց նա: Խոսրով Հարությունյանը նշեց, որ առջևում ԱԺ ընտրություններ կան, և այս ԱԺ-ն չի հասցնի երկու ընթերցմամբ քննարկել այս փաստաթուղթը հատկապես, որ այս փաստաթուղթն էլ լրամշակման կարիք ունի: 

«Ինչո՞ւ ենք ուզում հրատապ անցկացնել»,-հարցրեց նա: Փոխնախարարը պատասխանեց, որ հրատապությունը պայմանավորված է միջազգային պարտավորություններով և իրենց ունեցած ճանապարհային քարտեզով:

Նա նաև խնդրեց նախագիծը 24-ժամյա ռեժիմով հասցնել քննարկել և անցկացնել:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ փաստաթղթի նկատմամբ կա վերապահում: ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյանն էլ ասաց, որ ինքը 24-ժամյա ռեժիմի դեպքում դեմ կքվեարկի և կողմ կլինի, եթե հստակեցումներ են լինելու: Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ վաղը քննարկելու են բյուջեն և ընդունելու են առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմանը արտահերթ նիստ է լինելու, և հնարավորություն կա՝ երկրորդ արտահերթին փաստաթուղթը մտնի օրակարգ, և հստակեցումներ էլ կհասցնեն անել: 

Այս պայմանավորվածությունից ելնելով՝ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց առաջին ընթերցման ներկայացնելու նախագիծը ԱԺ-ին

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси