ԵՊՀ-ում ձեւավորվել են ուսանողական նոր կառույցներ, որոնք չեն ճանաչում ուսխորհրդի օրինականությունը

ԵՊՀ-ում ձեւավորվել են ուսանողական նոր կառույցներ, որոնք չեն ճանաչում ուսխորհրդի օրինականությունը

12:20 | 12.11.2018 | Հասարակություն

Երեւանի պետական համալսարանում ձեւավորվել են ուսանողական հինգ նախաձեռնություններ, որոնք հայտարարում են, որ չեն ճանաչում ԵՊՀ ուսանողական խորհրդի օրինականությունը եւ, որ այն ուսանողական ներկայացուցչական մարմին չէ:

Այսօր «ԵՊՀ-Ռեստարտ», «Տրիումֆ», «Իոնիզացիա», «Ուսանողական-քաղաքացիական ճակատ» եւ ԵՊՀ-ում գործող ուսանողական այլ խմբերի անդամները կրկին շրջելու են ԵՊՀ ֆակուլտետներով եւ իրազեկեն նոր կառույցների ստեղծման եւ ՈՒԽ ոչ օրինական գործունեության մասին:

Մասնավորապես՝ տարբեր ֆակուլտետներում ստեղծված այս կառույցները հայտարարում են, որ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացրած հետազոտությունների արդյունքում ԵՊՀ ՈՒԽ-ում հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ, ըստ որոնց՝ Խորհուրդը իրավականորեն չի համարվում ուսանողների ներկայացուցչական մարմին, այսինքն՝ գործում է ապօրինի, քանի որ 2014 թվականից ի վեր այս կառույցն իր կանոնադրությունը չի ներկայացրել հաստատման լիազոր մարմնին՝ ԿԳՆ։

Նախաձեռնությունների անդամները պնդում են՝ գործող ուսանողական խումբը, որն իրեն հռչակել է Ուսանողական խորհուրդ, ուսանողների շահերը չի ներկայացնում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում, բայց ֆինանսավորվում է նույն այդ ուսանողների վճարած վարձերից.

«Հաշվի առնելով ԵՊՀ-ում ՈւԽ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ֆակուլտետների սպեցիֆիկ խնդիրները, ստեղծում ենք նոր ուսանողական նախաձեռնություններ, որոնց գործունեության հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները՝
1. ուսանողակենտրոնություն
2. ժողովրդավարություն
3. արդարություն
4. հավասարություն
5. Ներկայացուցչականություն»,- ասված է հայտարարության մեջ:

ԵՊՀ-ում գործող ուսանողական խմբերը նաեւ ստորագրահավաք են սկսում՝ նոր ՈՒԽ-ի կանոնադրություն մշակելու եւ նոր ընտրություններ իրականացնելու համար: Կանոնադրության մշակման համար ստորագրահավաքից հետո, ըստ նախաձեռնությունների, ստեղծվելու է կանոնադիր ժողով, որն էլ ստորագրահավաքի ավարտից սկսած 20-օրյա ժամկետում կմշակի նոր ուսանողական խորհրդի նոր կանոնադրություն  եւ այն կուղարկի լիազոր մարմնի՝ ԿԳՆ-ի ստորագրությանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси