Հայկ Մարությանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Հայկ Մարությանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

17:30 | 09.11.2018 | Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուռիոլաբեիտիային: Շնորհավորելով Հայկ Մարությանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուռիոլաբեիտիան հույս է հայտնել, որ հատկապես մշակույթի և տնտեսության ոլորտում հայ-արգենտինական հարաբերությունների զարգացումը շարունակական կլինի նաև մայրաքաղաքների մակարդակում:

Որպես ջերմ հարաբերությունների գրավական՝ դեսպանը շեշտել է ակտիվ հայ համայնքի ներկայությունը Արգենտինայում: Գոնզալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ մայրաքաղաք Բուենոս-Այրեսում և Արգենտինայի այլ բնակավայերում ավելի քան 40 հուշարձան կա, որոնք առնչվում են Հայաստանին և հայ ժողովրդին: Այս համատեքստում նա կարևորել է դեռևս անցած տարի Երևանի ավագանու ընդունած որոշումով կառուցապատվող Արգենտինայի հրապարակը՝ որպես երկրների հարաբերությունների մակարդակի արտացոլում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ Երևանում Արգենտինայի և արգենտինացիների նկատմամբ շատ դրական վերաբերմունք կա, իսկ արգենտինյան որոշ ապրանքներ, մասնավորապես գինիները  բավական լավ պահանջարկ ունեն երևանյան սպառողների շրջանում: Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Արգենտինայի հրապարակի պատշաճ կառուցապատմանը:

Հանդիպմանը ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նկատել է, որ հրապարակի կառուցապատմանը կարելի է ներգրավել նաև արգենտինացի մասնագետների, մասնավորապես երիտասարդ ճարտարապետների՝ դրանով նաև նպաստելով այդ ոլորտում երկու երկրների շփումների խորացմանը:

Գոնզալո Ուռիոլաբեիտիան քաղաքապետ Հայկ Մարությանին հրավիրել է ներկա լինել Հայաստանում արգենտինյան ֆիլմերի փառատոնին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси