2019-ի բյուջեի նախագծի ընդունման համար, հնարավոր է, ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի

2019-ի բյուջեի նախագծի ընդունման համար, հնարավոր է, ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի

16:05 | 09.11.2018 | Քաղաքականություն

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումներն ավարտվել են և ըստ նախապես ներկայացված ժամկետացանկի, նախատեսվում է, որ նոյեմբերի 13-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստերում նախագիծը կդրվի քննարկման, սակայն դա չի նշանակում, որ հենց հերթական նիստերում էլ բյուջեի նախագիծը կընդունվի։

ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, նոյեմբերի 13-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստում կմեկնարկեն պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները, որոնց արդյունքներով պատգամավորներն ու խմբակցությունները կներկայացնեն գրավոր առաջարկներ։

Ըստ նույն օրենքի, գրավոր առաջարկները ներկայացնելու համար ժամկետացանկով սահմանված ժամկետը լրանալուց հետո կառավարությունը կարող է նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել առանց փոփոխության կամ իր նախաձեռնությամբ կամ գրավոր առաջարկների հիման վրա լրամշակելով: Դրանից հետո միայն, կառավարությունը լրամշակված նախագիծը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը։

Բյուջեի նախագծի վերջնական քննարկումների ու ընդունման համար, մեր տեղեկություններով, մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը՝ մինչև նոյեմբերի 26-ը, հնարավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի։ Դա բացատրվում է նրանով, որ քարոզարշավի ժամանակ գրեթե դժվար կարող է լինել պատգամավորներին «հավաքել» նիստին մասնակցելու համար։

Սակայն չի բացառվում նաև այն, որ այս խորհրդարանը չընդունի բյուջեի նախագիծը, ինչի նախադեպն արդեն խորհդրարանն ունեցել է։

Այսպես, ըստ Ֆինանսների նախարարությունից Aysor.am-ին տրամադրած տեղեկանքի, Հայաստանի անկախացումից հետո 25 տարվա ընթացքում պետական բյուջեի չհաստատման երկու դեպք է գրանցվել. 1999թ հոկտեմբերի 27-ից հետո հաջորդ տարվա գլխավոր ֆինանական փաստաթուղթը հաստատվել է 2000թ մարտին: Նմանատիպ ևս մեկ դեպք 1997 թվականին է արձանագրվել, երբ այդ տարվա բյուջեն հաստատվել է ոչ թե 1996 թվականին, այլ՝ 1997 թվականի տարեսկզբին: Երկու անգամ էլ բյուջեն հաստատվել է նախանշված ժամանակացույցից ուշ՝ դեկտեմբերի վերջին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси