Խաշոգջիի մարմինը կարող է ոչնչացված լինել. Սաուդյան Արաբիայի հյուպատոսի կեցավայրում տարրալուծող նյութի նմուշներ են հայտնաբերվել

Խաշոգջիի մարմինը կարող է ոչնչացված լինել. Սաուդյան Արաբիայի հյուպատոսի կեցավայրում տարրալուծող նյութի նմուշներ են հայտնաբերվել

15:00 | 09.11.2018 | Հասարակություն

Թուրք իրավապահները Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի կեցավայրում տարրալուծող նյութի նմուշներ են գտել, ինչը կարող է հաստատել ենթադրություններն առ այն, որ սպանված ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմնի մասերը ոչնչացվել են:

Ստամբուլի դատախազության պաշտոնյաներից մեկն  Al Jazeera-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ կեցավայրի տարածքում գտնվող ջրհորի ուսումնասիրման ժամանակ, իրավապահները գտել են մի քանի տեսակի քիմիական նյութերի նմուշներ: Այդ նյութերը, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են սպանված լրագրողի մասնատված մարմինը տարրալուծելու համար:

Դատախազությունում ենթադրում են, որ մարմինը տարրալուծվել է կեցավայրի սենյակներից մեկում:

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիան հյուպատոսի կեցավայրի խուզարկության համար թուրք իրավապահներին թույլատվություն էր տվել Խաշոգջիի սպանությունից  միայն երկու շաբաթ անց:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси