«Ամբողջ օրը մրի ու կեղտի մեջ ենք». ՀԿԵ-ի աշխատակիցները գործադուլ են սկսել

«Ամբողջ օրը մրի ու կեղտի մեջ ենք». ՀԿԵ-ի աշխատակիցները գործադուլ են սկսել

16:16 | 08.11.2018 | Հասարակություն

Նոյեմբերի 7-ից, ժամը 14.00-ից  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կայարանների եւ տեղամասերի աշխատակիցները գործադուլ են սկսել:

Պատճառն այս ամիս չվճարված հավելավճարներն են: Այս պահին «Հարավկովկասյան երկաթուղու» ուղեւորատար եւ բեռնատար գնացքները կանգնած են ու չեն աշխատում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի, Գյումրիի եւ Սանահինի  գնացքների մեքենավարներն ու օգնականները:

«Երեկ աշխատավարձ ստացանք, սպասում էինք, որ ամեն ամսվա նման 25 տոկոս հավելավճար կլինի, բայց 25 տոկոսի փոխարեն իրենք առանց պատճառաբանելու մեզ 10 տոկոս հավելավճար են վճարել: Հիմա մենք պահանջում ենք մեր չվճարված  գումարները: Դա կազմում է մոտ 35-50 000 դրամ: Աշխատակից կա, ում հավելավճարը 30 000 դրամ է կազմում, աշխատակից կա՝ մինչեւ 50 000 դրամ, այսինքն, այդքանով պակաս աշխատավարձ ենք ստացել: Ասում են, որ գնացքներ չի եղել, քիչ է եղել, փող չունենք, որ վճարենք: Իրենք ասում են, որ դուք պլանը գերակատարել եք ամիսների կտրվածքով, երկաթգծի պետն էլ նույնիսկ ռուսերենով ասել էր, որ  բեռնափոխադրումների շրջանառությունը 16 տոկոս ավելացել է, բայց պարզվում է փող չունենք»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին մեքենավարները:

«Այս պահին երկաթգծի աշխատանքը կանգնած է: Մենք համարվում ենք Երեւան դեպոյի աշխատողներ: Հիմա Երեւան դեպոյում կանգնած ենք, չենք աշխատում: Հրազդանի կայարանում բոլոր մեքենավարները կանգնած, չեն աշխատում, Գյումրիի դեպոյում կանգնած են, Սանահինում նույնպես: Օրինակ Երեւան-Բաթումի գնացքը  երեկ մենք բերել ենք Այրում կայարան, որ պետք է գա Երեւան, չի եկել, էնտեղ կանգնած է: Վարդենիսի Սոթքի հումքը բերել ենք Արարատ, մենք պիտի սպասարկենք, հիմա Հրազդանի կայարանում 60 վագոն բարձված հումք կա, 18 վագոն էլ Արդանիշի  ցեմենտի հումք, որ գալիս է Հրազդանի ցեմենտի գործարան»,-ասացին նրանք:

Ահազանգող մեքենավարները սպասում են ընկերության առաջին դեմքերի հետ հանդիպմանը՝ նշելով, որ չեն աշխատի, մինչեւ իրենց գումարները չվճարվեն. «Մենք չենք պահանջում աշխատավարձի բարձրացում, մենք միայն մեր աշխատածն ենք պահանջում: Ամբողջ օրը մրի ու կեղտի մեջ ենք ու այսպե՞ս են փոխհատուցում: Մեր ղեկավարների հետ չենք էլ ուզում բանակցել, քանի որ եկան, ասացին, աշխատեք, հաջորդ ամիս լավ կլինի, բայց էս վերջերս շատ են մեզ խաբել, էլ չենք հավատում: 240-250 000 դրամի փոխարեն այս ամիս ստացել ենք 190-200 000 դրամ»:

Երկաթուղու աշխատակիցներն անդրդվելի են. «կբանակցենք, եթե մեր գումարները նստեն մեր հաշիվների վրա»,-ասացին նրանք:

Նշենք, որ այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Շիրակի մարզում, որին մասնակցել են ՀԿԵ Շիրակի մարզի աշխատակիցները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси