ԱԺ-ում պետք է տեղ գտնեն ոչ թե պատահաբար հեղափոխական դառածները, այլ նրանք, որոնք իրականացրել են անշեղ քաղաքական կուրս. Տիգրան Ուրիխանյան

ԱԺ-ում պետք է տեղ գտնեն ոչ թե պատահաբար հեղափոխական դառածները, այլ նրանք, որոնք իրականացրել են անշեղ քաղաքական կուրս. Տիգրան Ուրիխանյան

20:54 | 19.10.2018 | Քաղաքականություն

«Ալյանս» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին` սեփական ցուցակով: SHANTNEWS.am-ը կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց` արդյո՞ք դա նշանակում է, որ բացառում են որևէ այլ ուժի հետ համագործակցելու տարբերակը, նաև` ովքե՞ր են կուսակցության ցուցակում տեղ գտած այն «բացառիկ դեմքերը», որոնց մասին ասված էր հաղորդագրության մեջ:

«Տակտիկական նկատառումներից ելնելով` ցուցակը կհրապարակվի հենց ընտրարշավի սկզբին, նկատի ունենք, որ մարդիկ, որոնք ցուցակում լինելու են, վայելում են հասարակության որոշակի հատվածների հեղինակությունը, ներկայացնելու են բարձր մասնագիտական կարողություններ, հմտություններ, փորձառություն, մաքուր կենսագրություն ունեցող մարդկանց խումբ: Որևէ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը չեմ բացառում, բայց մասնակցելու ենք «Ալյանս»-ի ցուցակով, այսինքն` մասնակցության ձևաչափը լինելու է «Ալյանս» կուսակցությունը»,- ասաց նա:

Թե ինչ «բացառիկ դեմքերի» մասին է խոսքը, Ուրիխանյանը փակագծեր չբացեց, հարցին` հնարավո՞ր է` ցուցակում տեսնենք այլ քաղաքական ուժերի հայտնի դեմքերի, պատասխանեց, որ շատերի հետ ընթանում են բանակցություններ, և յուրաքանչյուրի հետ բանակցությունների ավարտին սիրով կտեղեկացնեն արդյունքների մասին:

Կուսակցության հայտարարություններից մեկում նշված էր. «Մենք աջակցելու ենք հեղափոխության վերջնական հաղթանակին», հետաքրքրվեցինք` արդյո՞ք սա նշանակում է, որ լինելու են իշխող քաղաքական ուժի` «Քաղաքացիական պայմանագրի» կողքին: Ուրիխանյանն ասաց.

«Մենք ամեն կերպ աջակցելու ենք, որ հեղափոխությունն առաջնորդած մարդիկ` վարչապետի գլխավորությամբ, ամրապնդեն իրենց դիրքերը: Մեր դիրքորոշումն է, որ նրանք պետք է հաղթեն առավելապես, բայց քանի որ օրենքը պահանջում է, որ խորհրդարանը պիտի ներկայացված լինի նաև այլ, ընդհանուր թվով չորս խմբակցություններից, ապա մեր դիրքորոշումը շատ պարզ ու ընդունելի է. խորհրդարանում պետք է տեղ գտնեն նրանք, որոնք ոչ թե հեղափոխական են դառնում պատահաբար` օրերի ընթացքում, այլ նրանք, ովքեր իրականացրել են անշեղ քաղաքական կուրս` պայքարելով ՀՀԿ-ի մենիշխանության, կոռուպցիայի, չարաշահումների, անարդյունավետ կառավարման դեմ, ովքեր ոչ թե այս պահի դրությամբ հանկարծ հրեշտակի թևերն առած դարձել են ժողովրդի շահերի պաշտպան , այլ մշտապես էլ հանդես են եկել, գոնե իրենց խորհրդարանական գործունեության ընթացքում: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի խորհրդարանում հայտնվեն արժանի անձեր»:

Հարցին` արդյո՞ք «Ալյանս»-ը, հայտնվելով ապագա խորհրդարանում, կարող է լինել ընդդիմություն՝ հաշվի առնելով, որ իշխող ուժի` «Քաղաքացիական պայմանագրի» հետ սկզբունքային մեծ տարբերություններ չունեն, կուսակցության առաջնորդը պատասխանեց, որ քաղաքական գործունեությունը` ներկայիս և ապագայի, ունի նախապատմություն. երբ անցած խորհրդարանի գործունեության ընթացքում հանրապետական կուրսին դեմ արտահայտվում էր ընդամենը մի քանի հոգի՝ «մեկ ձեռքի մատների չափով հաշված» պատգամավորներ, իրենք քաղաքական այն ժամանակվա մեծամասնության կողմից, իշխանականների ու իշխանամետների կողմից, բացի մռնչոցից և դժգոհությունից, ուրիշ ոչինչ իրենց հանդեպ չէին տեսնում:

«Մենք աշխատել ենք մեկ քաղաքական տիրույթում` սկսած սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվելուց, վերջացրած քննադատությամբ, դեմ քվեարկելով, սեփական օրենսդրական նախագծերով, սեփական քաղաքական կուրսով ու դիրքորոշումներով: Բնականաբար, մենք պիտի գաղափարապես մի տիրույթում լինենք այդ ուժերի, մասնավորապես` հեղափոխություն իրականացրածների հետ, հետևաբար, մենք իրենց սատարելու և աջակցելու ենք, իսկ թե ինչ կոնյունկտուրա կձևավորի արդեն խորհրդարանում, դա, կարծում եմ, խորհրդարան անցած ուժերի հետ բանակցությունների, քննարկումների հետևանքով ինքնըստինքյան կձևավորվի: Կարևորը մեկն է, հիմա անհրաժեշտ է ամրապնդել ժողովրդի մոտ հույս ու հավատ առաջացրած հեղափոխության հաղթանակը, այնուհետև միասնաբար անցնել երկրի կառուցման գործին»,- նշեց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси