
Հարգանքի տուրք եմ մատուցում նրանց, որոնք «արեւն առած իրենց աչքերի մեջ միայն ապրել էին ուզում». Մակրոնի գրառումը
14:15 | 11.10.2018 | Քաղաքականություն
Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ. Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արեւն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Նման գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Նա նաեւ գրել է.
«Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին եւ ընտանիքներին, որոնք փախչում էին ցեղասպանությունից, եւ որոնք մեր ազգն ավելի պանծացրին:
Ֆրանսիան երբե´ք չի մոռանա եւ կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:
Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր եւ գալիք սերունդների համար»:
Ավելի վաղ հայտնել էինք՝Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: