Իդլիբի շուրջ պայմանավորվածությունները կատարվում են. ինչ սպասել հետագայում

Իդլիբի շուրջ պայմանավորվածությունները կատարվում են. ինչ սպասել հետագայում

13:42 | 11.10.2018 | Քաղաքականություն

Հոկտեմբերի 8-ին թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը տեղեկացրեց, որ զինված ընդդիմությունը Իդլիբից վերջնականապես դուրս է բերել ծանր զինատեսակները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները դա իրականացրել են սեպտեմբերին Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու պայմանավորվածության շրջանակում:

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները սեպտեմբերի 17-ին Սոչիում հուշագիր էին ստորագրել, որով նախատեսվում էր մինչեւ հոտկեմբերի 15-ը Իդլիբում 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտի ստեղծել զինված ընդդիմության եւ կառավարական ուժերի շփման գծի երկայնքով: Նույն հուշագրի համաձայն՝ մինչեւ հոկտեմբերի 10-ը այդ գոտուց պետք է դուրս բերվեր զինված ընդդիմության ծանր զինատեխնիկան, ինչն էլ, Անադոլուի աղբյուրների համաձայն արվել է: Ապառազմականացված գոտու վերահսկողությունը իրականացվելու է թուրքական եւ ռուսական ստորաբաժանումների կողմից:

Հուշագրի ստորագրումը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունն էր: Դրա այլընտրանքը Սիրիայի կառավարական ուժերի կողմից ռազմական լայնամասշտաբ գործողության անցկացումն էր Իդլիբում, ինչը ձեռնտու չէր Թուրքիային՝ քրդերի դեմ պայքարի տեսանկյունից: Այդ պատճառով հուշագրում Թուրքիան ավելի լայն պարտավորություններ է իր վրա վերցրել: Մասնավորապես զինված ընդդիմության եւ ահաբեկիչների տարբերակման պատասխանատվությունը դրված է հենց պաշտոնական Անկարայի ուսերին: Իսկ թե որքանով կհաջողվի դա իրականացնել պարզ կդառնա մոտ ապագայում: Ամեն դեպքում, եթե անգամ տարբերակումից հետո Իդլիբում մնան ահաբեկչական օջախներ, դրանց դեմ բավարար կլինի իրականացնել տեղային գործողություններ՝ առանց տեղի բնակչությանը վտանգելու եւ հավելյալ ռեսուրսներ ծախսելու:

Ռուսական կողմին այս պայմաններում մնում է միայն հետեւել հուշագրի կետերի կատարմանը, ինչը, հաշվի առնելով Սիրիայում գտնվող ՌԴ ռազմական օղակների սերտ կապերը թուրք գործընկերների հետ՝ բարդ գործ չէ: ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը ՌԻԱ նովոստիի հետ զրույցում նշել է, որ ռուս եւ թուրք զինվորականների միջեւ «լավ կապեր եւ համագործակցություն է հաստատվել»:

«Փաստաթղթի ստորագրումից հետո նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են: Ապառազմականացված գոտու սահմանները հստակեցված են», - ասել է Վերշինինը:

Ինչեւէ, հուշագրի կետերի կատարումը խնդրի վերջնական լուծմանն ուղղված միջանկյալ քայլ է: Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը նախօրեին հայտարարել էր, որ Իդլիբում տեղակայված զինյալները մինչեւ դեկտեմբերի կեսերը պետք է հանձնեն բոլոր ծանր զինատեսակները: Սա, ըստ էության, չի հակասում Ռուսաստանի դիրքորոշմանը, որը ցանկանում է Ասադի շուրջ վերամիավորել Սիրիայի բոլոր տարածքները: Սակայն, Իդլիբն, ամենայն հավանականությամբ, չի լինելու Սիրիայի վերամիավորման վերջին հաղթական ակորդը:

Սիրիայի հյուսիսում գործում է դե-ֆակտո անկախ, սակայն առայժմ դե-յուրե անկախության հայտ չներկայացրած Հյուսիսային Սիրիայի Ժողովրդական Դաշնությունը, կամ Արեւմտյան Քրդստանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Արեւմտյան Քրդստանը սերտ ռազմական կապեր ունի Իրաքի քրդերի եւ ԱՄՆ-ի հետ: Իրավիճակը փոքր ինչ հավասարակշռվում է նրանով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները եւս բնականոն են. 2016 թ. Մոսկվայում գործում է Դաշնության ներկայացուցչությունը: Միակ ուժը տարածաշրջանում, որն ակնհայտորեն դեմ է քրդերին եւ զինված պայքար է տանում նրանց դեմ, Թուրքիան է: Սակայն, սեպտեմբերյան պայմանավորվածությունների տրամաբանությամբ Թուրքիան վաղ թե ուշ պետք է լքի Իդլիբը, ինչը նշանակում է, որ պայքարը Սիրիայի քրդերի դեմ տարվելու է կիսաօրինական ճանապարհներով եւ, բնականաբար, այնքան արդյունավետ չի լինի, որքան հիմա: Այս պարագայում իրավիճակի հավանական ելքերը երկուսն են եւ սերտորեն կապված են ԱՄՆ դիրքորոշման եւ քրդական ուժերի համերաշխության հետ: Այն, որ Ասադը շարունակելու է մնալ Սիրիայի ղեկավարը, այս պահին, կասկած չի հարուցում:

Իրավիճակի հետագա ընթացքը կախված է նրանից, թե ինչպիսի ապագա կընտրի Արեւմտյան Քրդստանը: Եթե նրանց հաջողվի Ասադի հետ համաձայնության գալ եւ արտոնություններ ստանալ վերամիավորված Սիրիայում, ապա ԱՄՆ-ն եւ Թուրքիան կհայտնվեն բարիկադների միեւնույն կողմում՝ առաջինը Ասադի, երկրորդը քրդերի դեմ պայքարում:

Սակայն, քրդերը կարող են նաեւ որոշել ամբողջությամբ պահպանել ներկայումս իրենց վերահսկողության տակ գտնվող եւ էներգակիրների առումով հարուստ տարածքները: Դա արդեն ուղղակիորեն դեմ է թե՛ պաշտոնական Դամասկոսի, թե՛ Կրեմլի դիրքորոշմանը, որոնք գտնում են, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Այս դեպքում ԱՄՆ-ն արդեն կհայտնվի փաստացի անկախ Քրդստանի դաշնակցի դերում, ինչն էլ իր հերթին կդրդի Թուրքիային խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Թե կոնկրետ որ սցենարով կզարգանան իրադարձությունները եւ ինչ ելք կունենա սիրիական ձգձգվող ճգնաժամը՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, ահաբեկչական խմբերի ոչնչացումն ու ընդդիմության զինաթափումը որոշակի պարզություն կմտցնեն սիրիական խճճված հակամարտության մեջ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси