Իսի Լե Մուլինոյի քաղաքային խորհրդի անդամները քվեարկել են Արվեստների և կոնգրեսի պալատն Ազնավուրի պատվին անվանակոչելու օգտին

Իսի Լե Մուլինոյի քաղաքային խորհրդի անդամները քվեարկել են Արվեստների և կոնգրեսի պալատն Ազնավուրի պատվին անվանակոչելու օգտին

15:12 | 06.10.2018 | Մշակույթ

Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքի քաղաքային խորհրդի անդամները քվեարկել են Արվեստների և կոնգրեսի պալատն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչելու օգտին: Պալատը հոկտեմբերի 10-ին պաշտոնապես կանվանվի «Շառն Ազնավուր», հայտնում է Le Parisien-ը՝ նշելով, որ քաղաքում բնակվում է մոտ 5.000 հայ:

Քաղաքապետ Անդրե Սանտինին, որն անձամբ ծանոթ էր ֆրանսահայ երաժշտին, ցանկացել է հարգանքի տուրք մատուցել՝ «որպես մեր բարեկամության և մեր անսասան հիացմունքի հավաստիք»:

Շառլ Ազնավուրը պարբերաբար Իսի Լե Մուլինո էր այցելում հայկական համայնքի կազմակերպած, կամ Կոնգրեսի պալատում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու համար: 

«Հայկական համայնքի համար սա կարծես 1988 թվականի երկրաշարժից հետո երկրորդ երկրաշարժը լինի»,- ասել է հայկական համայնքի պատասխանատու, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը:

Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ թոքերի այտուցից առաջացած սրտի և շնչառական խնդիրների հետևանքով: Երեկ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հրաժեշտի ազգային արարողությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси