Արտահերթ  ընտրությունները դեկտեմբերի  23-ի՞ն

Արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 23-ի՞ն

10:12 | 29.09.2018 | Քաղաքականություն

Եթե հարց ձևակերպենք, թե որոնք են Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրները պետությունը կառավարելու հարցում, չհաշված մի շարք երկրորդական հարցերի, միանգամից աչքի առաջ են գալիս երեք հիմնականները։ Այն է՝ հմուտ, փորձառու, պատրաստված և լրջագույն պատասխանատվության տակից պատվով դուրս գալու ունակ կադրերի բացակայություն, սոցիալական ու տնտեսական մեծածավալ արդյունքների ապահովման պրոբլեմ տեսանելի ժամանակահատվածում և, անշուշտ, ընտրություններին չմասնակցող զանգվածը։

Պարզից էլ պարզ է, որ առաջին երկու խնդիրները օբյեկտիվորոն չեն կարող լուծվել կարճ ժամանակահատվածում, և դրա համար հարկավոր են տարիներ։ Սակայն երրորդ հարցն իր մեջ որոշակի տարօրինակություն է պարունակում։ Չէ՞ որ ժողովրդի մեծամասնությունը կողմնակից էր երկրում իշխանափոխությանը։ Մարդիկ երկար տարիներ անհամբեր սպասում էին փոփոխությունների, սեփական կամքի արտահայտման հնարավորությանը և ամենակարևորը՝ արդար ընտրությունների։ Բայց արի ու տես, որ Երևանի ընտրություններին մասնակցեցին գրեթե նույն թվով մարդիկ, ինչ անցյալ անգամները։ Դրա հետևանքով Փաշինյանի դաշինքը ստացավ ընտրելու իրավունք ունեցողների մոտ 28% ձայն, քանի որ 43% մասնակիցների 82 տոկոսը կոպիտ հաշվարկով կազմում է հենց այդքան։ Ինչու՞ մնացած 57 տոկոսը չմասնակցեցին ընտրությանը։ Եթե ճիշտ է, որ հիմա ընտրողների ցուցակները մաքուր են, բացակայողներ ու մահացածներ դրանցում չկան, միևնույն հասցեի վրա բազմաթիվ գրանցվածներ և նոր տպած անձնագրերով մարդիկ չեն հայտնվում, դա նշանակում է, որ կոնկրետ Երևանում մոտ կես միլիոն մարդ չմասնակցեց ընտրությանը։ Արդյո՞ք նրանք չունեին նախընտրելի թեկնածու կամ քաղաքական ուժ։

Եթե խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնի այնպիսի մի նոր ուժ, որը կդառնա այդ չմասնակցող զանգվածի համակրանքի առարկա, միևնույն ժամանակ էական փոփոխությունների սպասող ու հեղափոխական էյֆորիայից դուրս եկող մարդիկ էլ պասիվանան ու հին խանդավառությամբ չսատարեն նոր իշխանություններին, այդ պարագայում Փաշինյանի քաղաքական ուժը կրկին ստանալով նույն չափի կամ ավելի պակաս քվե, արդեն տոկոսային արտահայտմամբ կունենա 28 % ընտրողների ձայն, իսկ լուրջ կազմակերպված այլ մրցակից կամ մի քանի մրցակիցներ կստանան արդեն մեծամասնություն։ Սա չափազանց էական վտանգ է հեղափոխական իշխանության համար։ Իսկ որքան երկար ժամանակ անցնի, այնքան ավելի լուրջ կպատրաստվեն մյուս քաղաքական ուժերը, այնքան ավելի կլինի ոգևորված մարդկանց հիասթափությունն ու, եթե դրան գումարենք, իշխանության մեջ բացի Փաշինյանից այլ պատրաստված գործիչների բացակայությունն ու սոցիալական խնդիրները , ապա արտահերթ ընտրությունների արդյունքում կարող է ստացվել բացարձակապես այլ պատկեր։

Այս ամենը պարզից էլ պարզ ցույց է տալիս, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն շատ արագ, իսկ , հաշվի առնելով 2019-ի բյուջեի քննարկումներն ու ընդունումը, ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրականացումն ու սահմանված նախընտրական ընթացակարգերը, դրա միակ մոտակա ժամանակահատվածը այս տարվա դեկտեմբերի երկրորդ կեսն է։ Օրինակ կիրակի 23-ին, ինչու՞ ոչ։

Եվ նոր 2019 թվական արդեն կմտնենք նոր Ազգային Ժողովով։

Գրիգոր Փարիզյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси