Ե՞րբ պետք է նշվի Երեւանի օրը. Կառավարությունը շատ երկար քննարկեց ու որոշեց ոչ մի եզրակացություն չտալ օրինագծին

Ե՞րբ պետք է նշվի Երեւանի օրը. Կառավարությունը շատ երկար քննարկեց ու որոշեց ոչ մի եզրակացություն չտալ օրինագծին

12:30 | 20.09.2018 | Քաղաքականություն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 20-ի նիստում քննարկեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է «Երեւանի օրը» նշել հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Հարցը ներկայացնող տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նկատեց, որ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Թարգմանչաց տոն, որը համընկնում է ներկայացված նախագծով առաջարկվող Երեւանի օրը որպես տոն օր նշելու օրվա հետ: Հետեւաբար, նա առաջարկեց նախագծում «շաբաթ օրը» բառերը փոխարինել «կիրակի օրը» բառերով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախկինում այդ օրը կառավարությունը կարողանում էր ճկուն կերտով տեղափոխել, իսկ հիմա օրենքով կֆիքսվի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս տարի նման խնդիր եղել է, որ Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման հետ կապված, Երեւանի օրը սեպտեմբերից տեղափոխվել է հոկտեմբերի 20-21-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ դրանից առաջ էլ Երեւանի օրը հոկտեմբերից տեղափոխվել էր սեպտեմբեր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման հետ կապված. «Այսինքն եթե այս օրենքը հիմա լիներ, մենք խնդիր կունենայինք, այն կհամընկներ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի առնվազն նախապատրաստման աշխատանքների հետ»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ տոնը պատմություն ունի, այն նշվել է որպես «Էրեբունի-Երեւան» տոն: Նա առաջարկեց տոնն ամրագրել հենց այդ անունով:

Վարչապետը նկատեց, որ մարդիկ ավանդույթի ուժով նշելու են հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը. «Մենք կարող ենք հունվարի 1-ն էլ փոխել, բայց դա բան չի փոխում: Եթե օրենք ենք ընդունում, թող լինի այն օրը, որը մարդիկ սովոր են: Ինչո՞ւ ենք դիսկոմֆորտ առաջացնում թեկուզ այս փոքր հարցում: Ես նաեւ չեմ կարծում, որ լավ միտք է այս տոնը օրենքով սահմանելը: Օրինակ սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն է, ինչ օրենք էլ ընդունենք: Նույնիսկ եթե հրովարտակ ընդունենք»: Նա ընդգծեց, որ պետք չէ ընդհանրապես, որ կառավարությունը դիրքորոշում հայտնի այս նախագծի վերաբերյալ. «Ես չեմ հասկանում, թե ինչու է անհրաժեշտ նման օրենքը ընդունել ընդհանրապես: Մենք այս օրը նշել ենք շուրջ 50 տարի, ու ոչ մեկի մտքով չի անցել, թե՝ վայ, էս ինչ ենք անում, ախր օրենք չունենք: Մեր եզրակացությունն այն է, որ նման օրենքի անհրաժեշտություն չկա»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси