Արտահերթ ընտրություններ կարող են և չլինել

Արտահերթ ընտրություններ կարող են և չլինել

11:53 | 02.09.2018 | Քաղաքականություն

Գնալով ավելի մշուշոտ է դառնում խորհրդարանական ընտրությունների տեղի ունենալու հարցը: Ի՞նչ ձևաչափով, ե՞րբ և, ամենակարևորը` ինչպե՞ս են դրանք նշանակվելու:

Եթե փորձենք ելնել ամենապարզից՝ ու՞մ են ձեռնտու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Միայն կառավարություն ձևավորած հեղափոխական ուժերին, ավելի ճիշտ, միմիայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ դա բնական է, քանի որ արտահերթ ընտրություններում մեծ թվով ձայներ կարող է ակնկալել միայն ՔՊ-ն, ինչը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի գործոնով: Եվս մեկ քաղաքական ուժ կարող է ակնկալել իր կայուն քվեները ստանալ, այն է`« Ծառուկյան» դաշինքի մաս կազմող ԲՀԿ-ն, բնականաբար պայմանավորված Գագիկ Ծառուկյանի գործոնով: Սակայն, եթե Փաշինյանը նպատակ ունի ձևավորել կայուն հենարան խորհրդարանում, առանց որի ղեկավարել հնարավոր չի լինելու, իսկ եկող տարի մայիսի 8-ից հետո, ընդհանրապես հնարավոր է կորցնի իշխանությունը, երբ ՀՀԿ-ն ուղղակի քվեարկությամբ կընտրի նոր վարչապետ, ապա «Ծառուկյան» դաշինքն ունի պատգամավորների անհրաժեշտ թվով խմբակցություն քաղաքական դաշտում կայուն ազդեցություն պահպանելու համար: Հետևաբար, ԲՀԿ-ն անտարբեր է արտահերթ ընտրությունների նկատմամբ, ասել է թե` կլինեն ընտրություններ, կմասնակցեն և կտանեն իրենց քվեն, չլինեն` կշարունակեն աշխատել գործող ԱԺ-ում:

Ինչ վերաբերում է Ազգային Ժողովում դաշինքների միջոցով հայտնված «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Ալյանս» կուսակցություններին, դրանք պետք է կամ կողմնորոշվեն նոր ձևաչափի միավորումներ ձևավորելու, կամ արտահերթ ընտրություններին պարտության տրամադրվելու շուրջ:

ՀՀԿ-ն այն խմբակցությունն է խորհրդարանում, որին ոչ միայն ձեռնտու չեն արտահերթ ընտրությունները, քանի որ Հանրապետական կուսակցությունը մեծ դժվարությամբ հազիվ թե հավաքի նվազագույն շեմից ավելի ձայներ, այլև ամեն հնարավորն անելու է , որպեսզի դրանք տեղի չունենան: Սեփական քաղաքական գոյությունը պահպանելու Հանրապետականի միակ շանսը արտահերթ ընտրությունների տեղի չունենալն է:

Դաշնակցության մասին կարելի է ասել բացարձակապես նույնը, չնայած, որ դաշնակները բոլոր իմաստներով սեփական առանձին ցուցակով հաղթելու որևէ շանս այս պահի դրությամբ չունեն:

Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, արդեն ակնհայտ է, որ նրա միակ հենարանը հենց այն նույն արտահերթ ընտրություններին ոչ մի շանս չունեցող հանրապետականներն ու դաշնակներն են: Բնականաբար, եթե տեղի ունենան արտահերթ ընտրություններ, կանհետանա նաև Քոչարյանի հենարանը, ուստի նա իր հերթին պիտի անի ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններ չլինեն: Պարզից էլ պարզ է, որ որքան էլ Քոչարյանը հայտարարի ընդդիմադիր բևեռ ձևավորելու և շատերին միավորելու մասին, իրականում ժողովրդականություն վայելող որևէ անհատ նրա կողքին չի երևում ու չի էլ երևալու:

Վերջապես, Նիկոլ Փաշինյանը վերջին հանրահավաքին խոսեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու պարագայում գործող խորհրդարանի կողմից նոր վարչապետ ընտրելու հնարավորության մասին: Այդ իսկ մտավախության հետևանքով առաջացավ հանրաքվե անցկացնելու և ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տալու տարբերակը: Սակայն պարզ է, որ դա նույնպես չգործող տարբերակ է վերը թվարկված բոլոր պատճառներով ` ընտրություններին վերընտրվելու շանս չունեցող ուժերը միայն խելագարվելու դեպքում կինքնալուծարվեն: Մինչդեռ գործող լեգիտիմ իշխանությունն արդեն չի կարող իրեն թույլ տալ օդանավակայանի և այլ ճանապարհներ փակել ու նման գործողությունների դիմել:

Գրիգոր Փարիզյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси