ՀՀ պաշտպանության նախարարության՝ գնումների ոլորտում քաղաքականությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. փորձագետ

ՀՀ պաշտպանության նախարարության՝ գնումների ոլորտում քաղաքականությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. փորձագետ

13:47 | 07.08.2018 | Հասարակություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ գնումների ոլորտում տարվող քաղաքականությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այս մասին օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, համատեղությամբ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը: 

Ներկայացնելով վերջին մի քանի տարվա հետազոտությունների արդյունքները՝ Մանուկյանը նշեց, որ առավելագույն գնումները կատարվում են տարվա սկզբին եւ վերջին: Առաջին դեպքում դա պայմանավորված է մատակարարման պայմանագրերի կնքմամբ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի, երկրորդ դեպքում ՝ խնայված միջոցները ծախսելու ցանկությամբ՝ դրանք բյուջե չվերադարձնելու համար: Այս կապակցությամբ Մանուկյանն առաջարկեց գումարներն ուղղել ոչ թե ամանորյա կորպորատիվ միջոցառումներին, այլ՝  ստորին օղակի աշխատակիցների աշխատավարձերին:

Սննդամթերքի գնումների համար Արտակ Մանուկյանն առաջարկեց գյուղական կոոպերատիվներ կազմակերպել. դա, ըստ նրա, մոտիվացնում է գյուղացիներին եւ բացառում է կոռուպցիոն ռիսկերը:

Ընդհանուր առմամբ, վստահեցնում է Մանուկյանը, գնումների ոլորտում տիրող պատկերը հուշում է կոռուպցիոն ռիսկերի մասին: Տարեկան ավելի քան 350 մատակարարներից ամեն տարի առանձնացվում են մի քանի խոշորագույնները (պայմանագրերի ֆինանսական ծավալներից ելնելով): Բացի բնական մենաշնորհներից (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), կա եւս մի քանի տասնյակ ընկերություն, որոնց հետ աշխատանքին պաշտպանական գերատեսչությունը վերջին տարիներին նախապատվություն է տալիս: Դրանց բաժին է ընկնում պայմանագրերի ընդհանուր գումարի մոտ 40 տոկոսը: Օրինակ, դա «Ֆլեշ»-ն է (վառելիք), «Էլիտ-կապիտալ»-ը (սննդամթերք), «Ավանգարդ» (ունիվերսալ ընկերություն, սակայն այժմ ՊՆ-ի հետ աշխատում է չորս հիմնական ուղղություններով), «Մոսեսկո» ( քսայուղեր), «Արփի անիվ» (ավտոմեքենաների պահեստամասեր) եւ այլն: «Գնումները կենտրոնացված բնույթ են կրում, ինչը վկայում է մրցակցության սահմանափակ լինելու մասին»,- պնդում է Մանուկյանը:

Հաղթած տենդերների հաճախականության մասով առաջատար դիրքերում են ավելի փոքր ֆինանսավորմամբ ընկերությունները. «Եթե պայմանագրի գումարը 20 միլիոնից պակաս է, ապա մրցակցությունն ավելի մեծ է, եթե գումարն ավելի մեծ է, ապա՝ նույն ընկերություններն են:  Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման մենաշնորհային ընկերությունների եկամտի առյուծի բաժինը ՊՆ-ից է, ինչը վկայում է գերատեսչությունից դրանց կախվածության մասին»:

«Լուրջ կասկածներ կան եկամուտների թաքցման եւ կոռուպցիայի ռիսկերի վերաբերյալ: Երբ մշտապես հաղթում են նույն ընկերությունները, դա հուշում է կոռուպցիայի մասին»,- նշեց Մանուկյանը: Ըստ նրա՝ մենաշնորհը կարող էր նորմալ երեւույթ համարվել, եթե խոսքը լիներ սպառազինության մասին, սակայն խոսքը մրցակցող ընկերությունների մասին: Պահեստամասերի եւ զինվորական համազգեստների մատակարարման առանձնահատկությունների մասին Մանուկյանը նախընտրեց չխոսել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси