«Երբեք չենք խուսափել կառավարման պատասխանատվությունից և չենք խուսափելու». Տիգրան Ուրիխանյան

«Երբեք չենք խուսափել կառավարման պատասխանատվությունից և չենք խուսափելու». Տիգրան Ուրիխանյան

17:10 | 26.12.2017 | Քաղաքականություն

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում մամուլում շատ է քննարկվում «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի հնարավոր կոալիցիայի հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նա հավանական համարում ՀՀԿ-ի հետ կոալիցիան:

Ի պատասխան՝ նա ասաց. «Շատ պարզ է և հստակ. մենք երբևէ չենք խուսափել կառավարման պատասխանատվությունը ստանձնելուց, և խորհրդարանական ընտրությունները հենց հայտ էր՝ կառավարում ստանձնելու: Ավաղ, ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց գործող իշխանությանը: Այդուհանդերձ, երբեք չենք խուսափել կառավարման պատասխանատվությունից և չենք խուսափելու, բայց այն չի կարող լինել ինքնանպատակ:

Որևէ պաշտոնի համար «Ծառուկյան» դաշինքը չի գնալու կոալիցիայի, ինչպես չի գնացել ոչ մի ժամանակ: Կա այստեղ մի կարևոր հանգամանք. մենք մեր քաղաքական գործունեության մեջ ունենք պարզ ուղենիշ՝ ապահովել մեր ընտրողների կողմից մեզ տրված վստահության քվեներին համարժեք՝ իրենց ակնկալիքների բավարարում: Եթե երբևէ լինի իրավիճակ, որ մենք կարողանանք մեր սեփական ուրույն քաղաքական կուրսը վարելով՝ իրականացնել մեր ընտրողների ակնկալիքները, մարդկանց կյանքի որակը բարելավել և բարձրացնել, ապա մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած իրավիճակ, որտեղ մենք մեր սեփական քաղաքական կուրսով մեր ընտրողների ակնկալիքները բավարարելու հնարավորություն կունենանք:

Որևէ համատեղ կառավարման տարբերակ պաշտոնների համար լինել չի կարող»:

Լրահոս