Հայտնաբերվել է ավելի քան 500 տարեկան շնաձուկ

Հայտնաբերվել է ավելի քան 500 տարեկան շնաձուկ

17:21 | 14.12.2017 | Մամուլ

Հյուսիսային Ատլանտիկայում գիտնականները շնաձուկ են որսել, որը, ըստ որոշ գնահատականների, ծնվել է 1505 թվականին: Այսպիսով, գտնված ձուկը կարող է ողնաշավորների շարքում կյանքի տեւողությամբ բացարձակ ռեկորդակիր դառնալ, փոխանցում է Vesti-ն: 

Շնաձկան այս տեսակը դասվում է գրենլանդական կամ բեւեռային շնաձկների տեսակին, որոնք տարեկան միջինը 1 սմ են աճում եւ համարվում են ողնաշավորների շարքում ամենաերկարակյացները՝ 272 տարի միջին տարիքով, հայտնում է Sun-ը: Որսված ձկան երկարությունը կազմում է մոտ 5,4 մետ, իսկ նրա տարիքը որոշվել է ռադիոածխածնային անալիզով, որը կարող է կազմել 272-ից մինչեւ 512 տարի:

Գրենլանդական շնաձկները հիմնականում այլ ձկներով են սնվում, չնայած նրանց ստամոքսների մեջ եղջերուների եւ նույնիսկ ձիերի մնացորդներ են հայտնաբերվել: Իսլանդիայում նրանց միսը համադամ է համարվում, ըստ որում՝ այն պետք է հատուկ ձեւով պատրաստել, քանի որ կարող է թունավոր լինել:

Որսած առանձնյակի ԴՆԹ-ի ուսումնասիրությունը պետք է գիտնականներին օգնի պարզել գրենլանդական շնաձկների երկարակեցության մեխանիզմները եւ հասկանալ՝ ինչով է այն տարբերվում մյուս ողնաշավորներից: Դրանից բացի, գրենլանդական շնաձկները յուրատեսակ «ժամանակի պարկուճ» են, եւ նրանց հետազոտությունը կարող է թույլ տալ պարզել օվկիանոսների վրա մարդկային քաղաքակրթության ազդեցության աստիճանը:

Վերգետնյա կենդանիների թվում ամենաերկարակյացը կրիաներն են, որոնց տարիքը կարող է 250 տարուց անցնել:

Լրահոս