Forbes-ը հրապարակել է այս տարվա գերագնահատված դերասանների ցանկը

Forbes-ը հրապարակել է այս տարվա գերագնահատված դերասանների ցանկը

10:22 | 14.12.2017 | Հասարակություն

Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս ամերիկյան Forbes-ը հրապարակել է հոլիվուդյան այն դերասանների և դերասանուհիների ցանկը, որոնց ստացած հոնորարները զգալիորեն գերազանցել են նրանց մասնակցությամբ ֆիլմերի հավաքած գումարները:

Forbes-ը գնահատել և համեմատել է մինչև 2017թ. հունիսի 1-ը էկրան բարձրացած տարբեր ֆիլմերի կոմերցիոն հաջողությունը և դրանցում դերեր ստանձնած դերասանների հասույթները՝ փորձելով հասկանալ, թե դերասանների վրա կատարված ներդրումները որքանով են արդարացվել: Forbes-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել հոլիվուդյան աստղերի անմիջական մասնակցությամբ մինչև 2017թ. հունիսի 1-ն էկրան բարձրացած և գոնե 2000 կինոթատրոններում ցուցադրված վերջին երեք ֆիլմերը:

Հակավարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, մոդել և երաժիշտ Մարկ Ուոլբերգը, ով կինոսիրահարներին հայտնի է «Կատարյալ փոթորիկ», «Կապիկների մոլորակը», «Կողոպուտ իտալական ձևով», «Մարտիկը», «Երրորդ ավելորդը» և այլ ֆիլմերով: 2016-2017թթ. նա նկարահանվել է «Ողջույն, հայրիկ, Ամանոր է 2» (2017թ.), «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» (2017), «22 մղոն» (2016թ.), «Հայրենասերների օրը» (2016թ.) ֆիլմերում:

Հաշվետու ժամանաակշրջանում դերասանի ստացած հոնորարների ընդհանուր գումարը կազմել է 68 մլն ԱՄՆ դոլար: Սակայն Ուոլբերիգին վճարած յուրաքաչյուր դոլարի դիմաց կինոստուդիաներն ընդամենը 4,4 դոլար շահույթ են ստացել:

Ցուցակի երկրորդ հորիզոնականում օսկարակիր Քրիստիան Բեյլն է, ով վերջին երկու տարում նկարահանվել է «Թշնամիները» (2017թ.), «Հրաժեշտ երկնագույնով» (2017թ.), և Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (2016թ.) ֆիլմերում: Սակայն դերասանին որպես հոնորար վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոստուդիաները միայն 6,7 դոլարի շահույթ են ստացել:

Երրորդ տեղը բաժին է ընկել դերասան, պրոդյուսեր Չենինգ Թաթումին, ով կիոնստուդիաներին իր ստացած ամեն դոլարի համար 7,6 դոլար եկամուտ է ապահովել:

Հնգյակը եզրափակում են հայտնի դերասաններ Դենզել Վաշինգտոնը և Բրեդ Փիթը: Fօrbes-ի հաշվարկներով Դենզել Վաշինտոնը վերջին երեք ֆիլմերում մարմնավորած կերպարների համար իրեն վճարած հոնորարի յուրաքանչյուր դոլարի դիմաց 10,4 դոլարի եկամուտ է բերել կինոստուդիաներին, իսկ Բրեդ Փիթը՝ 11,5 դոլարի:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2016թ. նույն հակավարկանիշային ցուցակի առաջատարը Ջոնի Դեփն էր, ով, ի դեպ, գլխավորել է նաև հանդեսի կողմից 2015թ. հրապարակված՝  գերագնահատված դերասանների ամենամյա ցուցակը:  

 

Լրահոս