Աշոտյանը՝ ՀՅԴ-ի հավակնությունների մասին

Աշոտյանը՝ ՀՅԴ-ի հավակնությունների մասին

18:09 | 13.04.2017 | Քաղաքականություն

Լրագրողներն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ քննարկե՞լ է արդյոք կուսակցությունն այն հարցը, թե ովքեր են նշանակվելու ԱԺ նախագահի և փոխնախագահի պաշտոններում: Ի պատասխան՝ վերջինս նկատեց՝ երեկ ՀՀ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ամփոփ անդրադարձել է այդ հարցին. այժմ ինքը կարիք չի տեսնում կրկնել նրա ասածները:

Անդրադառնալով կոալիցիոն բանակցությունների գործընթացին՝ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ մեկնարկել են քաղաքական կոնսուլտացիաներ, որոնց հանրայնացման փուլը դեռևս չի հասունացել:

«Աշխատանքային գործընթացներ են գնում: Դրանց մասին հանրությունը պատշաճ կծանուցվի»,- ասաց նա՝ հավեելով, որ բանակցային գործընթացում կողմերի միջև խնդիրներ չկան:

Իսկ ճի՞շտ են խոսակցությունները, որ ՀՅԴ-ի «ախորժակը» մեծացել է և պաշտոններ ստանալու առումով վերջինս լուրջ հավակնություններ ունի, հետաքրքրվեցին լրագրողները:

«Ես թեև բժիշկ եմ, բայց քաղաքական ուժերի ախորժակի չափման մեթոդաբանությունը չգիտեմ: Բոլոր դեպքերում, բարձր ախորժակը առողջության նշան է: Իսկ ընդհանրապես, կոալիցիա կազմելու ժամկետները սահմանված են օրենքով: ՀՀԿ-ի կողմից այդ բանակցություննեը վարում են գործադիր մարմնի անդամները»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող  Դանիել Իոննիսյանի կողմից ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրող դպրոցների տնօրենների բացահայտմանը, ապա, Աշոտյանի խոսքով, բոլոր հարցերի պատասխանները կտա դատարանը:

«Խնդիրը պետք է դիտարկել  բացառապես իրավական դաշտում: Հապճեպ գնահատականներ չպետք է հնչեցնել»,- ասաց նա:

Լրահոս