ՄԻՊ-ը՝ տնօրենների հայցերի մասին

ՄԻՊ-ը՝ տնօրենների հայցերի մասին

14:47 | 13.04.2017 | Հասարակություն

«Մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, բայց չեմ կարող ասել, որ դրական  բարեփոխումներ, ձեռքբերումներ չկան: Տարբեր ոլորտներում ունենք և դրական ձեռքբերումներ, և հետընթացներ»,-ՄԻՊ 2016-ի տարեկան հաղորդումը և Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը ներկայացնելուց հետո պատասխանելով  Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված հարցին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Որպես դրական ձեռքբերում նշեց պրոբացիայի համակարգի ստեղծումը, վճռաբեկ դատարանի պրակտիկայի զարգացումը, որը, սակայն պրակտիկայում չի կիրառվում:

«Խոսքի ազատության հետ կապված հետընթաց չունենք, բայց առանձին դրսևորումներով, օրինակ հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ  բռնության դեպքերը, միանշանակ հետընթաց է: Դա պրակտիկա էր, որ այդքան մասշտաբային տեղի չէր ունեցել և այն էլ ուղեկցվում էր և բռնությամբ, և աշխատանքի խոչընդոտումով»,- ասաց Ա. Թաթոյանը:

Պատասխանելով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցերին, մասնավորապես՝ ինչպե՞ս կգնահատեք ընտրությունները՝ հաշվի առնելով ընտրակաշառքների, քվեարկության ուղղորդման վերաբերյալ հայտարարությունները, ՄԻՊ-ն ասաց. «Մենք էլ ենք ստացել ընտրակաշառքների, ուղղորդումների վերաբերյալ հայտարարություններ, մշտապես կապի մեջ ենք եղել միջազգային կազմակերպությունների հետ: Ամեն ինչ արձանագրված է, տեղ կգտնեն մեր հետագա գնահատականներում»:

Նա նշեց, որ ուսումնասիրել են մոտ 1000 հրապարում, 100-ից ավելին ուղարկել են քրեական հետապնդման: ՄԻՊ աշխատակազմը ստացել է 50 ահազանգ, որը, Ա. Թաթոյանի խոսքով, զգալիորեն քիչ է հանրաքվեի ժամանակ ստացած ահազանգերից:

Արման Թաթոյանը անդրադարձավ նաև 30 տնօրենի կողմից ընդդեմ «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի ներկայացված հայցերին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածել էր հաղորդագրություն, ըստ որի ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում, այսինքն՝  դպրոցների և մանկապարտեզների մի շարք Հանրապետական կուսակցության անդամ տնօրեններ կիրառել են վարչական ռեսուրս, զբաղվել են ՀՀԿ քարոզչությամբ: 30 տնօրեն հայաստանյան տարբեր դատարաններ քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի՝ պահանջելով հարպարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև  2-ական միլիոն դրամ փոխհատուցում:

Պատասխանելով հարցին, թե իրավապաշտպանները  տնօրենների այդ քայլը գնահատում են որպես խոսքի ազատության դեմ քայլ, ինչպե՞ս կգնահատեք դուք, ՄԻՊ-ն ասաց. «Մանրամասն տեղյակ եմ խնդիրն, հատկապես այն առումով, որ խնդիրը վերաբերում է դպրոցին:  Ինձ համար կարևորը երեխաների կրթության իրավունքի ապահովումն է: Քաղաքացիական հասարակության կազմակերպության աշխատանքը կարևոր է, որովհետև հանրային վերահսկողություն է իրականացնում, հետևաբար բոլոր պնդումները  պետք է դառնան մանրամասն քննության առարկա:

Խիստ անթույլատրելի եմ համարում «Իրազեկ քաղաքացիական միավորում» հկ ղեկավար Դանիել Իոաննիսյանի վերաբերալ անձնական տվյալների հրապարակումը: Գիտեմ, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ես նույնպես այս հարցում լինելու եմ հետևողական, որպեսզի հասկանանք, թե քրեական վարույթն ինչ ընթացք է ստանում կամ ինչ փուլում է: Ինչ վերաբերում է տնօրենների կողմից հայց ներկայացնելուն, իրենց իրավունքն է, բայց ուզում եմ կարևոր հայտարարություն անել. նախ ուզում եմ պահանջել բոլոր պետական մարմիններից, որ չփորձեն հանկարծ իրենց գործողությունները կամ աշխատանքն իրականացնել՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, որոնք ակնհայտ չարաշահում են ընդհանրապես լիազորությունը, հանկարծ փորձեն երեխաներին ներքաշել դրա մեջ: Կոչ եմ անում քաղհասարակության իմ գործընկերներին՝  իրենց իրավունքներն  իրականացնելիս այնպիսի միջոցներ չգործադրել,  որոնք  կարող են երեխաների կրթության իրավունքը ոտնահարել»:

Լրագրողը կրկնեց հարցը, թե արդյո՞ք հայց ներկայացնելն ու դրամական փոխհատուցում պահանջելը խոսքի ազատության դեմ քայլ է, արդյո՞ք համամիտ եք նման կարծիքներին, Արման Թաթայոնն ասաց. «Ծանոթ եմ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությանը, համաձայն եմ, որ այդքան շատ հայց ներկայացնելն ու գումարի չափով կարող է ընկալման տեսակետից նաև խնդիրներ առաջացնել: Նշեմ, որ այստեղ աջակցում եմ քաղաքացիական հասարակությանն իրենց գործողություններում, բայց իմ կարգավիճակի  խիստ ծավալները պահպանելով: Տնօրեններն էլ պատվի, արժանապատվության հարց են բարձրացնում, անձի սուբյեկտիվ իրավունքն  է,  բայց խիստ անթույլատրելի եմ համարում, եթե հանկարծ  նկատվի կազմակերպվածության նշույլ: Հանկարծ եթե  քաղաքացիական հասարակության  նկատմամբ հետապնդման հատկանիշներ նկատենք, անպայման  խիստ հայտարարություններով եմ հանդես գալու»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси