Երևանում 4800 քմ մակերեսով մարզա-առողջարարական համալիր է կառուցվելու

Երևանում 4800 քմ մակերեսով մարզա-առողջարարական համալիր է կառուցվելու

15:28 | 12.04.2017 | Սպորտ

Մասնավոր ներդրողի միջոցներով 2017 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2,400,000.00 ԱՄՆ դոլար: Կառուցման աշխատանքները կավարտվեն 2018 թվականի փետրվար ամսին:

Սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից նաև հայտնում են, որ  այս տարվա վերջին  կավարտվեն Տավուշի մարզի Իջևան քաղաքում կառուցվող լողավազանի և հարակից շինությունների շինարարական աշխատանքները, որոնց 70 %-ն իրականացվել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Այս աշխատանքների համար կատարվել է 163,934 ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում:

2017 թվականին սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Այս պահին հայտարարվել է մրցույթ` նախագծա-հաշվարկային աշխատանքների  կազմման համար:

Աղբյուրը նշում է,  որ Երևանի Դավթաշեն համայնքում ավարտվել են Օլիմպավանի լողավազանի և խաղային մարզաձևերի դահլիճների կառուցման աշխատանքները, որոնց համար կատարվել է 4,123,711.34 ԱՄՆ դոլարի ներդրում:

Այստեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային և ջրային մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերը:

Ավարտվել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվող մենապայքարային մարզաձևերի համար նախատեսված մարզադահլիճի շինարարության աշխատանքները, որոնց համար 2017 թվականին կատարվել է 100,000 ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում:

Լրահոս