Հրազենային կրակոցի հետքեր են հայտնաբերվել Բջնի ամրոցի մետաղյա դարպասի կենտրոնական հատվածում

Հրազենային կրակոցի հետքեր են հայտնաբերվել Բջնի ամրոցի մետաղյա դարպասի կենտրոնական հատվածում

11:17 | 08.04.2017 | Մշակույթ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանները, սահմանված ժամանակացույցի համաձայն, հուշարձանների տարածքներ կատարած շրջայցերի ընթացքում իրավախախտման երկու դեպք են արձանագրել: ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մասնավորապես` հրազենային կրակոցի հետքեր են հայտնաբերվել Բջնի /պետ.ցուցիչ` 6.19.1/ ամրոցի 2016թ.-ին տեղադրված մետաղյա դարպասի կենտրոնական հատվածում: Կրակոցը եղել է մոտ տարածությունից:

Մեղրաձոր համայնքից 2 կմ հարավ-արևելք գտնվող Ամրոցի /պետ.ցուցիչ`6.45.1/ Ք. ա. II-I հազարամյակներով թվագրվող ենթահուշարձան դամբարանադաշտի տարածքում էլ / պետ.ցուցիչ` 6.45.1.1, «Գոգոլի քարեր» վայրում/ արձանագրվել է երկու դամբարանների բացում` ենթադրաբար գանձախուզության նպատակով: Մարզային ծառայության պատասխանատուները տեղազննություն են իրականացրել, իրավախախտման մասին ահազանգել համայնքի ղեկավարին, հենակետային ոստիկանին:

Մարզային ծառայության աշխատակիցները շրջայց են կատարել նաև Բջնիի Սբ. Գևորգ /պետ. ցուցիչ` 6.19.9/ եկեղեցու տարածք, գնահատել հուշարձանների պահպանվածության վիճակը: Պարզվել է, որ Սուրբ Գևորգ բազիլիկ եկեղեցու արևմտյան պատի շարունակական քարաթափումից վերջերս փշրվել է պատին ագուցված խաչքարը: Կառուցված լինելով կոպտատաշ քարերով և կրաշաղախով` խարխլված տանիքից թափանցող անձրևաջրերն ամբողջովին քայքայել են կառույցի հենապատերը: Հյուսիսային պատը 2/3 մասով հողի մեջ է և մշտապես խոնավ, իսկ արևելյան և արևմտյան արդեն թեքված պատերի անկյուններում առկա են մեծացող ճաքեր:

Եկեղեցին ներառված է մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցանկում:

Լրահոս