Առաջին անգամ ցուցադրվեցին պետական գանձարանում պահվող պատմամշակութային արժեքները

Առաջին անգամ ցուցադրվեցին պետական գանձարանում պահվող պատմամշակութային արժեքները

15:55 | 07.04.2017 | Մշակույթ

Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը գանձարանի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրեց ազգային պահուստի պատմամշակութային արժեքները: Ներկայացված վեց գոտին, մեկական վզնոցն ու պատյանով դաշույնը պատրասված են արծաթից (600-875 հարգ), թվագրվում են 19-րդ դարի վերջով- 20-րդ դարի սկզբով:

«Սա մի փոքրիկ փորձ է ցուցադրելու Հայաստանի ֆինանսների նախարարության գանձարանում պահվող պատմամշակութային արժեք ունեցող նմուշները: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել գանձնարանի  ղեկավարության հետ, որ այսուհետ նաև մեր արտագնա ցուցահանդեսներին կմասնակցի գանձնարանն իր նմուշներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը: 

Նրա խոսքով, ընտրվել են այն ցուցանմուշներից, որոնք արժանի են ցուցադրման, հանրահռչակման:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասաց, որ գանձնարանը սկսել է վերջերս ավելի հանրայնացնել իր ունեցած  նմուշները:

«Շարունակական քաղաքականություն ենք վարելու, որ մեր պահոցների այն արժեքները, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում, դառնան հանրային սեփականություն, այդ նմուշները սկսում ենք հանրայնացնել, տեղափոխել այն վայրեր, որտեղ հանրությունը հետաքրքրված է նման նմուշներ տեսնելով՝ պայմանով, որ շարունակում են մնալ գանձարանի սեփականությունը, պետական սեփականություն են: Այսօր ներկայացված ցուցանմուշները շատ չեն, բայց կարևորը մեկնարկն է, որ գնում ենք դեպի այդ քաղաքականությունը»,- նշեց փոխնախարարը:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը նշեց, որ ցանկանում են ցուցադրել գանձնարանում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը, փուլ առ փուլ իրականցնելու են այդ ծրագիրը:

Հարցին, թե ինչպե՞ս են այդ իրերը հայտնվում  գանձարանում, նա պատասխանեց. «Մաքսային ճանապարհով, այսինքն Հայաստանից ցանկացել են ապօրինի արտահանել կամ ներկրել, չի ստացվել, բռնագրավել են, դատական վճռի հիման վրա դարձել են հանրային սեփականություն»:

Մշակութային արժեք ներկայացնող 50 իր կա գանձարանում:

Ցուցահանդեսին ներկա մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ասաց, որ Պատմության թանգարանի  ֆոնդերում պահվում են ֆինանսների նախարարության կողմից փոխանցված գանձեր, հույս հայտնեց, որ այդ ավանդույթը շարունակական կլինի և միգուցե ժամանակին նախարարը որոշի կիրառական արվեստի այս նմուշները նույնպես փոխանցել Պատմության թանգարանին:

Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի աշխատող Աստղիկ Իսրայելյանի ներկայացմամբ, ցուցադրված դեկորատիվ արվեստի իրերը բարձր արժեք են ներկայացնում:

«Գոտիներ կրել են տարբեր շրջաններում տարբեր դարերում, կան ուրարտական, միջնադարյան գոտիներ, պատրաստված են տարբեր նյութերից, 18-20-րդ դարասկզբին շատ տարածված են եղել արծաթե գոտիները: Պատրաստվել են և Արևելյան, և Արևմտյան Հայաստանում: Յուրաքանչյուր գոտի պատրաստելիս տարբեր եղանակներ են միաժամանակ օգտագործել՝ ձուլում, հատիկազարդում, փորագրություն»,- ասաց Ա. Իսրայելյանը:

Լրահոս