Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն կալանավորում փոխգնդապետին

«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն կալանավորում փոխգնդապետին

11:24 | 03.03.2017 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության գնդապետների մասնակցությամբ գրանցված աղմկահարույց կոռուպցիոն դրսեւորումների առիթով հարուցված քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանին չեն կարողանում գտնել, չի բացառվում, որ առաջիկայում նրա նկատմամբ հետախուզում հայտարարվի:  

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2016 թվականի մարտին կալանավորվել էին ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանը, իսկ ահա ավելի ուշ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը:

Պատճառը եղել էր այն, որ «Էլ թեք Քոմփ» ՍՊ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած ծառայությունների գնման պայմանագրով գերշահույթ էր ստացել, եւ վերոնշյալ պաշտոնյաները այդ հանգամանքը թաքցնելու համար ընկերության տնօրենից 5 մլն դրամի կաշառք էին պահանջել:  Արդյունքում, գնդապետ Սամվել Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառակերություն):  

Պարզել էինք, որ այս գործը 2017 թվականի հունվարի 20-ին ուղարկվել է Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովի կողմից ծեծի ենթարկված փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանը, ով ծեծի ազդեցության տակ սուտ ցուցմունքներ էր գրել, որ ընկերության տնօրեն Սուրեն Ավագյանից գումարը վերցրել է գնդապետ Սամվել Խաչատրյանին փոխանցելու համար, որպեսզի այդպես կոծկվեր ընկերության տնօրենի կողմից կատարված հանցագործությունը:

Արդյունքում նրան գրավի դիմաց ազատ էին արձակել: Այս որոշումը մեղադրող դատախազը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, որը բավարարվել է: Եւ հիմա իրավապահները պետք է կալանքի տակ վերցնեին փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանին:  Փետրվարի 17-ին Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի ժամանակ դատավոր Արմեն Վարդապետյանը տարակուսած հետաձգել է նիստը, քանի որ փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանը կալանքի տակ չէ եւ դատական նիստին էլ չի ներկայացել:  

Տեղեկացնենք, որ այս գործով դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ինչպես Սամվել Խաչատրյանի հարազատները, այնպես էլ վերջինիս փաստաբան Էդգար Բադեմյանը հայտնեցին, որ չնայած դատարանի որոշումը կա, որ Արսենը պետք է կալանքի տակ լինի, այնուամենայնիվ, նրան չեն կալանավորել:

Ըստ էության, եթե մարտի 10-ին Արսեն Ղարիբջանյանը չներկայանա դատարան, ապա նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси