Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կրեմլի փողերը քամուն են տալիս

Կրեմլի փողերը քամուն են տալիս

22:32 | 25.11.2013 | Քաղաքականություն

Օրերս մի շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ, որը ինչքան էլ առաջին հայացքից սովորական է թվում, բայց փաստորեն բացահայտում է մի քանի պարզ իրողություն: Խոսքը նոյեմբերի 23-ին կայացած, ավելի ճիշտ նախատեսված «Վիլնյուսի նախաշեմին Եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի մասնակցությունը» թեմայով կլոր սեղանի մասին է, որը այդպես էլ չկայացավ այնպես, ինչպես փորձում էին ներկայացնել կազմակերպիչները: Փորձենք հասկանալ այս ամենի պատճառներն ու հետևանքները:

Առաջին հերթին գրավում էր կլոր սեղանի մասնակիցների ցանկը, որտեղ նշված էին պատգամավորների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների ու դիվանագիտական ներկայացուցիչների անուններ: Իհարկե նրանցից ոչ ոք այդպես էլ չներկայացավ քննարկմանը, չներկայացավ նաև կլոր սեղանի կազմակեպիչ՝ Անդրանիկ Նիկողոսյանը, որը նաև պետք է հանդես գար ողջույնի խոսքով: Ներկա էին միայն մի քանի երիտասարդներ և տարբեր մանր-մունր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Բարձրաստիճան պաշտոնյաներից հրավերն ընդունել էր միայն ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, որը սակայն սպասելով 40 րոպե և հավաստիանալով, որ քննարկումը չի կայանալու այն ֆորմատով, որով որ նախատեսված էր, ներողություն խնդրելով ներկաներից հեռացավ:

Կարծում եմ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ միջոցներով են կազմակերպվում նման քննարկումները՝ իհարկե խոսքս գրանտերի մասին է: Բայց գրանտատուները ունեն մի առանձնահատկություն, նրանք երկրորդ անգամ խղճուկ միջոցառումների կազմակերպիչներին գումար չեն տրամադրում: Համաձայնեք, որ խղճուկ է այն միջոցառումը, որը չի սկսվում նույնիսկ նախատեսվածից 40 րոպե անց, հյուրերի բացակայության պատճառով: Խղճուկ է այն միջոցառումը, որի նույնիսկ կազմակերպիչները չեն ներկայանում բացման խոսք ասելու: Խղճուկ է այն միջոցառումը, որի մասնակիցները, մեկը մյուսի հետևից, հրաժարվում են մասնակցել: Խղճուկ է այն միջոցառումը, որը լուսաբանել ցանկացող միակ հեռուստաընկերության ներկայացուցիչը գնում է այդպես էլ չսպասելով մեկնարկին:

Այս ամենից կարելի է երկու հետևություն անել, կամ կազմակերպիչները այնքան են հաբրգել, որ կարծում են, թե կարող են ստանալ գրանտներ ու ոչինչ չանել, կամ իրոք ունակ չեն ոչինչ պատշաճ ձևով կազմակերպել: Երկու դեպքում էլ գրանտատուների մոտ արդարանալու խնդիր կա, և հաշվի առնելով նոր իրողությունները և այն հանգամանքը, որ հին, անմիջական «տերերը» էլ չկան, իսկ գլխավոր «տերերին» դեռ պետք է ապացուցեն, որ աշխատում են, կազմակերպիչները փորձում են իրենց տոտալ տապալումը արդարացնել, շեղելով ուշադրությունը միակ պատգամավորի վրա, որը հարգելով թեմայի լրջություը եկել էր մասնակցելու կլոր սեղանին:

Ինչևէ, ինչքան էլ գրանտակերերը փորձում են աղավաղել իրողությունը, միևնույն է ճշմարտությունը արդեն գիտեն բոլորը, այդ թվում Վլադիմիր Պուտինի նստավայրում, ՌԴ արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը և բազմաթիվ այլ վայրերում, և ստոր ու կեղտոտ ուրիշին սևացնելու փորձերը միայն ավելի են խորացնում կազմակերպիչների, առանց այն էլ ծանր վիճակը:

Սիլվա Մանուկյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси