ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ

15:27 | 09.12.2016 | Քաղաքականություն

Համբուրգում մեկնարկած ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարներ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Նկատի ունենալով ապրիլին շփման գծում բռնության աճը`  մտահոգություն ենք հայտնում շարունակական զինված միջադեպերի, այդ թվում՝ ծանր զինատեսակների կիրառման առնչությամբ, և խստորեն դատապարտում ենք ուժի և դրա սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ոչ մի արդարացում չկա քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու դեպքերի վերաբերյալ:

Մենք նաև տեղյակ ենք ռազմաճակատում ապրիլին տեղի ունեցած վայրագությունների մասին, որոնք մենք դատապարտում ենք ամենախիստ ձևակերպումներով: Մենք կոչ ենք անում կողմերին հաստատելու իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված` որպես տարածաշրջանի ժողովուրդների միջև համերաշխության հաստատման միակ ճանապարհ: Մենք նաև նրանց կոչ ենք անում խստորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին, որոնք հակամարտության գոտում բռնությունների դադարեցման հիմնավորումն են:

Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին հարգելու մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարություններում ամրագրված համաձայնությունները: Մենք ողջունում ենք կողմերի գրանցած առաջընթացը անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հովանու ներքո: Կոչ ենք անում կողմերին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման հարցում վերացնել բոլոր խոչընդոտները և առաջընթաց գրանցել ԵԱՀԿ հետաքննություն մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ:

Առաջարկները պետք է իրականցվեն կարգավորման շուրջ բանակցությունների անմիջապես վերսկսմանը զուգահեռ: Մենք կցանկանայինք կրկնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին մեր կոչը` ճկունություն ցուցաբերելու և բանակցային սեղանին վերադառնալու`ընթացիկ աշխատանքային առաջարկների հիման վրա դեպի կայուն խաղաղության հաստատմանն առաջ շարժվելու նպատակով:

Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չի գրանցվի, վերսկսված բռնության հեռանկարները միայն կմեծանան, իսկ կողմերը լիակատար պատասխանատվություն կկրեն դրա համար:

Հիշեցնում ենք կողմերին, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան Եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություն:

Մեր երկրները շարունակելու են սերտորեն աշխատել կողմերի հետ և մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` որպես միջնորդների օժանդակությունից:

Համանախագահները պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել այն ժամանակ, երբ նրանք պատրաստ կլինեն: Մենք խորապես հավատում ենք, որ նախագահները պետք է բարի կամքով հնարավորինս շուտ ներգրավվեն բանակցություններում: Նախագահների միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը, որն անցկացվում է համանախագահների հովանու ներքո, մնում է վստահության կառուցման և խաղաղ բանակցային գործընթացում առաջ շարժվելու հիմնարար տարրը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси