Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գարեգին Չուգասզյանը հայտարարություն է տարածել

Գարեգին Չուգասզյանը հայտարարություն է տարածել

15:04 | 10.08.2016 | Քաղաքականություն

Տարբեր մերձքաղաքական շրջանակներ, տարիներ շարունակ, ինչ-ինչ մղումներից ելնելով, դավադրական տարբեր տեսությունների հիման վրա փորձել են ստվեր նետել Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) վրա՝ վերագրելով նրան տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների գործիք հանդիսանալու մեղադրանքներ, ընդ որում` այդ մեղադրանքները հնչել են թե՛ արևմտամետ, թե՛ ռուսամետ գունավորումով, որը հասկանալի է, քանի որ ՀԽ-ը մշտապես հանդես է եկել հստակ հայակենտրոն կողմնորոշումով:

Ապրիլյան քառօրյա պատերազմից և դրան հետևած «Սասնա ծռերի» ապստամբական գործողությունից հետո, երբ մեր ամբողջ ժողովրդի համար ակնհայտ դարձավ ՀԽ-ի հայակենտրոն հստակ կողմնորոշումը, այդ մեղադրական հարձակումները դարձան էլ ավելի կատաղի…

ՀԽ-ն իր արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգը, որը արդյունք է հանրային երկարատև քննարկումների, մշակել և հրապարակել է դեռևս 2012 թ.-ին: Դրանից հետո արված բազմաթիվ քաղաքական հայտարարությունները, ելույթներն և մամլո ասուլիսները հենված են եղել այդ փաստաթղթի վրա և ընդամենը շտկումներ են մտցրել նրանում՝ կապված ընթացիկ քաղաքական զարգացումների հետ:

Արցախյան հարցի կարգավորման հետ կապված հայկական կողմի վրա բանեցվող ներկայիս ճնշումների համատեքստում վերստին անհրաժեշտություն է առաջացել ներկայացնելու 2012 թ.-ին ընդունված արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգից այն հատվածը, որը կապված է Հայաստանում գաղութային ադմինիստրացիայի հեռացման որպես Հայաստանի ապագաղութացման և հայկական գերիշխանության վերականգնման նախապայմանի ներկայիս հրամայականների հետ …

Ըստ վերոհիշյալ հայեցակարգի, անցնող քսան տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձևավորվել է որպես հայության և Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն:

Սակայն գլոբաբալացված, համակցված և հարափոփոխ արդի աշխարհի պայմաններում, ինչպես նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետևանքով, այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում և հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից Հայաստանի նորգաղութային կախյալության բարդ և բազմապիսի ձևաչափի:

Ռուսաստանը դրա տարբեր հարթություններում ստանձնել է հիմնական կատարողի, միջնորդի կամ գործակցի դեր: Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը՝ որպես լուծում ընտրելով նրան իսպառ ընկճելու և որևէ այլընտրանքից զրկելու ճանապարհը: Այդ նպատակով Ռուսաստանը կազմակերպում է հայաստանաբնակ հայության արտագաղթ դեպի իր տարածք, կիրառում է քաղաքական, տնտեսական, մշակութային և տեղեկութային ճնշման կոշտ լծակներ, Ադրբեջանին տրամադրում է ծանր սպառազինություն:

Իսկ հայաստանյան ապազգային ու ապապետական վարչախումբը, որն այս նորգաղութային կախյալության իրավիճակի գլխավոր մեղավորն է, վերածվել է վերոհիշյալ նորգաղութային ձևաչափը սպասարկող հիմնական գործիքի:

Ուստի ներքին քաղաքական փոփոխություններով և ոստիկանապետական վարչախմբի հեռացումով է սկսվելու ապագաղութացման և հայկական գերիշխանության վերականգնման նոր փուլը հայաստանում:

ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ…

Գարեգին Չուգասզյան
08.08.16

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси