Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովրդի» անունը քիչ շահարկեք

«Ժողովրդի» անունը քիչ շահարկեք

17:48 | 21.10.2014 | Քաղաքականություն

Լևոն Զուրաբյանը շարունակում է զարմացնել` իր ամբիցիաներն ու ցանկությունները, եթե դրանք իրապես այդպիսին են, ներկայացնել ընդհանրական, ժողովրդի անունից:

Այդպես, նախօրեին պատգամավորը հայտարարել է. «Հոկտեմբերի 10-ին բազմահազարանոց ժողովրդի հետ միասին արձանագրեցինք այն իրողությունը, որ այս իշխանությունը սպառված է, ձախողվել է բոլոր ուղղություններով, և որ երկրում առաջացել է կառավարման ճգնաժամ: Այս փաստը մենք ուզում ենք արձանագրել նաև Ազգային ժողովում»:

Ուշագրավն այն է, որ երբ ընդդիմությանը` իդեմս ՀԱԿ-ի, հարկավոր է ինչ-որ հարց արտահերթ օրակարգով առաջ քաշել, ապա նա հիշում է բազմահազարանոց ժողովրդի գոյության մասին ու իր ուզածը վերագրում ժողովրդին: Իսկ երբ նույն այդ բազմությունը, որ հավաքվել էր հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում (մենք, ի տարբերություն Լ.Զուրաբյանի, չենք կարող դա վերագրել ամբողջ ժողովրդին) «Հիմա, հիմա» վանկարկումներով հստակ գործողություններ էր պահանջում, ոչ Լևոն Զուրաբյանը, ոչ էլ նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի այդ պահանջին չարձագանքեցին:

Ավելի ճիշտ արձագանքեցին, բայց սեփական գործողությունների պլանից ելնելով և որոշ դեպքերում անգամ քաղաքացիներին վիրավորելով` հայտարարելով, որ «Հիմա-հիմա»-ների վրա, ըստ էության, իրենք թքած ունեն, քանի որ իրենք են որոշողը, ինչպես նաև հորդորելով հավաքվածներին «զսպել» ակտիվություն ցուցաբերող քաղաքացուն:

«Մենք նախաձեռնել ենք իշխանափոխության գործընթաց և հայտարարել ենք, որ պատրաստենք օգտագործել Սահմանադրությամբ մեզ տրված բոլոր հնարավորությունները: Ի՞նչ է ԱԺ հարթակը, եթե ոչ ժողովրդի ձայնը բարձրացնելու հնարավորություն: Մենք օգտվում ենք այդ հնարավորությունից: ԱԺ-ն հենց նրա համար է, որ բարձրացվեն ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Իսկ ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն այսօր այն է՝ ինչպես ազատվել այս իշխանություններից»,- նախօրեին նաև հայտարարել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Զուրաբյանը:

Այս հայտարարությունն էլ փաստում է, որ ՀԱԿ-ը շարունակում է թաղվել հակասությունների մեջ, քանի որ նույն հանրահավաքում հայտարարվել էր, որ պայքարը դուրս  է գալիս խորհրդարանից: Խաղաքարտերի նման դասավորվածության պարագայում տեսնես ինչպես կարող է ժողովուրդը հավատալ «լևոններին», եթե նրանք օրը մեջ փոխում են իրենց մոտեցումները ու մեկ փողոցը համարում պայքարի իդեալական հարթակ, մեկ խորհրդարանական հարթակն ուզում օգտագործել` ժողովրդի անվան տակ պատսպարվելով: Ո՞րն է իրական մղումը, որո՞նք են իրական նպատակները:

Հստակ է մեկ բան` ժողովրդի անունից հանդես գալը, բայց դրա տակ հետապնդել սեփական շահերն ու ամբիցիաները, կոպտորեն մերժել նույն այդ ժողովրդի հստակ պահանջը հրապարակում ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն... Բայց ո՞ւմ համար է դա նորություն:

Մհեր Խաչատրյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси