Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մենք ընտրել ենք առավել արդյունավետ պետական կառավարման դժվարին, բայց միակ ճանապարհը. Սերժ Սարգսյան

Մենք ընտրել ենք առավել արդյունավետ պետական կառավարման դժվարին, բայց միակ ճանապարհը. Սերժ Սարգսյան

16:27 | 21.10.2014 | Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Ծառայությունը մինչ նոր՝ մայրաքաղաքի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում:

Ս. Սարգսյանը շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, Հատուկ քննչական ծառայության անձնակազմի հետ խոսել ծառայության առջև դրված խնդիրների և նոր ու բարենպաստ պայմաններում գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտության մասին, հաջողություններ մաղթել ծառայությանը՝ հետագա գործունեության ընթացքում:

Նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունն իր ստեղծման առաջին օրից եղել է մեր երկրի իրավապահ համակարգի կարևոր բաղադրիչը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ կարճ ժամանակահատվածում այն կարողացել է ձեռք բերել իր առաքելությանը համարժեք հեղինակություն:

«Մենք այլընտրանք չունենք: Մենք ընտրել ենք առավել արդյունավետ պետական կառավարման և պետություն-հասարակություն ներդաշնակ վերընթացի ապահովման դժվարին, բայց միակ ճանապարհը: Եվ այս ճանապարհը, անշուշտ, ունի շատ նրբություններ: Բայց միևնույն ժամանակ, այս ճանապարհն ունի նաև հիմնարար կանոններ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել: Առաջին հերթին մենք մշտապես, ամեն օր մեր քայլերով ուղերձ ունենք հղելու այն մասին, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու՝ բարձրաստիճան պաշտոնյայի, թե դեռ որևէ հարմար աշխատանք չգտած և այդպիսին փնտրող քաղաքացու իրավունքները պաշտպանված են հավասարապես լիարժեք, բայց օրենքի առջև պատասխանատու են նույնպես հավասարապես և լիարժեք: Մենք շատ ուրախ կլինենք և թեթևացած հոգով կարձանագրենք, որ անցել ենք մեր իսկ կողմից նախանշված այս ճանապարհը միայն այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր հասարակության մեջ արդեն տիրապետող է համոզմունքը, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից՝ օրենքի առջև հավասար են և պատասխանատու բոլորը: Մենք այս հանգրվանին ենք ձգտում, և, կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, թե որքան մեծ դեր ունի ինքը այս բարդ, բայց պատվաբեր գործընթացում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիմելով Հատուկ քննչական ծառայության անձնակազմին՝ Նախագահն ընդգծել է, որ ծառայության գործունեության վերաբերյալ օրենքով նախատեսված տարեկան գրավոր հաղորդումների ուսումնասիրությունները, հրապարակային և թափանցիկ գործելաոճը հստակ ցույց են տալիս ծառայության հետևողական առաջընթացն ու զարգացումը:

«Միգուցե քիչ հաստատություններում եմ ես այսպիսի գնահատականներ տալիս, բայց ես սա ասում եմ անկեղծ: Եվ սա ակնառու դրսևորվում է աշխատանքային դրական ցուցանիշներ ունենալու, հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու մեջ, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում:

Առանձնակի կարևորվում է ձեր դերակատարումը խոշտանգումների դեմ պայքարում: Չնայած վերջին տարիներին մեզ համար բացարձակապես անընդունելի այս երևույթի կանխման ուղղությամբ արձանագրված դրական արդյունքներին, ձեր մասնագիտական կառույցի խնդիրն է շարունակել համաչափ արձագանքել նման դեպքերին և ապահովել դրանց արդարացի ու արդյունավետ քննությունը»,-նշել է Հանրապետության Նախագահը:

ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Աշոտ Արմենի Օհանյանին Երևանում հատկացվել է բնակարան՝ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու և աշխատանքային ու կատարողական բարձր կարգապահություն ցուցաբերելու համար՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1414-Ն և 2014թ. հոկտեմբերի 2-ի թիվ 1055-Ն որոշումների պահանջները: Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել խրախուսանքի արժանացած բազմազավակ աշխատակցին:

ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն իր և ծառայության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ծառայության կայացման, ծառայողների իրավական և սոցիալական ապահովվածության, աշխատանքային պայմանների բարելավման գործում ցուցաբերած ուշադրության և հետևողական աջակցության համար՝ վստահեցնելով, որ նման վերաբերմունքը և աշխատանքին տրված գնահատականը նոր խթան կհանդիսանան քննիչների կողմից իրենց գործառույթներն է՛լ ավելի լավ և անմնացորդ կատարելու համար՝ ի նպաստ իրավակարգի, օրինականության ամրապնդման, ի շահ մեր ժողովրդի և պետության:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси