Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եթե մամուլի ներկայացուցիչը ազատության կրող չի, ապա նա չի կարող լինել պրոֆեսիոնալ. հայտարարություն

Եթե մամուլի ներկայացուցիչը ազատության կրող չի, ապա նա չի կարող լինել պրոֆեսիոնալ. հայտարարություն

13:43 | 03.05.2016 | Մամուլ

Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է: «Ազատ լրագրողների ասոցիացիան» շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման հիմքում դրեց նաև Հայաստանի Հանրապետության տարածքում խոսքի, մամուլի, խղճի ազատություն ապահովումը, բայց տարիների ընթացքում այդ ազատությունը աճելու փոխարեն նվազեց ու խեղճացավ: Այսօր, ցավոք, ունենք մի վիճակ, երբ բազմաթիվ մամուլի ներկայացուցիչներ իրենց մասնագիտական աշխատանքը կատարում են՝ դեմ գնալով իրենց սկզբունքներին: Շատերը կարողանում են թեկուզ բարդ իրավիճակներում, բայց հավատարիմ մնալ լրագրողի իրենց սկզբունքներին և երբեմն դեմ արտահայտվել խմբագիրների կամ այլոց պահանջները կատարելուն: Կան նաեւ լրագրողներ, որոնք միգուցե չցանկանալով, սակայն, կատարում են մասնագիտությանը ոչ վայել, պարտադրված քայլեր՝ վախենալով կորցնել աշխատանքը: Կա մի ճշմարտություն, եթե լրագրողը վստահ է իր գիտելիքների ու կարողությունների վրա, ապա որևէ մեկը նրան չի կարող ստիպել անել այն, ինչը հակասում է լրագրության սկզբունքներին:

Այսինքն, եթե մամուլի ներկայացուցիչը ազատության կրող չի, ապա նա չի կարող լինել պրոֆեսիոնալ և իրապես հասարակական կարծիք կրող լրագրող: Նշենք նաև, որ իրապես ազատ լրագրողների համար նույնպես շատ բարդ է աշխատել մեր երկրում, երբ որոշ պաշտոնյաներ, կամ այլ անձինք, փորձում են լրագրողներին վիրավորել, սպառնալ և խոչընդոտել մեր աշխատանքը: Բայց ազատ լրագրողի համար դա չի կարող արգելք հանդիսանալ, որպեսզի նա թեկուզ դժվարությամբ, բայց ճիշտ կատարի իր առաքելությունը: Անդրադառնալով նաև ապրիլյան պատերազմի լուսաբանմանը՝ հարկ ենք համարում նշել, որ մեր բազմաթիվ գործընկերներ, վտանգելով իրենց կյանքը, փորձեցին հնարավորինս տեղեկացնել առաջնագծում տիրող իրավիճակի մասին: Գտնվեցին, իհարկե, մարդիկ, որոնք թերագանահատեցին այդ աշխատանքը, սակայն հայտնում ենք մեր շնորհակալությունը պատերազմական այդ թեժ օրերին սահմանում աշխատած մեր գործընկերներին:

Հիշեցնենք, որ 1994 թ. մայիսի 3-ին աշխարհում առաջին անդամ նշվեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси