Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
22-ամյա երիտասարդի ականջը կտրած քաղաքացին ձերբակալվել է

22-ամյա երիտասարդի ականջը կտրած քաղաքացին ձերբակալվել է

18:08 | 17.02.2016 | Մամուլ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքի առթիվ։

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է, 23 տարեկան։ Վերջինը ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով փետրվարի 16-ին ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ։

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, առերևույթ հանցագործություն կատարած անձը դանակով կտրել է  22-ամյա երիտասարդի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում 2016 թվականի փետրվարի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Զննվել է դեպքի վայրը, որտեղից հայտնաբերվել ու վերցվել է արնանման հետքի 4 նմուշ:

Մարմնական վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси