Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տ.Ուրիխանյանն առաջարկում է, որ պատգամավորները պարտադիր հանդիպեն քաղաքացիների հետ

Տ.Ուրիխանյանն առաջարկում է, որ պատգամավորները պարտադիր հանդիպեն քաղաքացիների հետ

11:30 | 29.01.2016 | Քաղաքականություն

ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն առաջարկեց նախագիծը չքննարկել, այլ հետաձգել: Հանձնաժողովականները համաձայնության չեկան, եւ որոշվեց օրենքի նախագիծը քննարկել:

Հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ օրենքի նախագծի հիմնական նպատակն այն է, որ պատգամավորների կողմից քաղաքացիների, ընտրողների հետ հանդիպումները իրավունքների բաժնից տեղափոխվում են պարտականությունների բաժին: Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ քաղաքացիների հետ հանդիպումներ կազմակերպելու գործընթացի համար յուրաքանչյուր պատգամավոր պետական գանձարանից ամսական հիսուն հազար դրամ գումար է ստանում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե եթե պատգամավորներից մեկը չկատարի օրենքի պահանջը, ապա ինչ «սանկցիաներ» պետք է կիրառվեն: Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ օրենքն արգելում է պատգամավորներին ձեռնարկատիրությամբ զբաղվել, բայց բոլորին է հայտնի, որ այդ ամենը չի պահպանվում:

ԱԺ պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի անդամներ Հովհաննես Մարգարյանը եւ Զարուհի Փոստանջյանը կողմ արտահայտվեցին նախագծին:

Հովհաննես Սահակյանն ասաց, որ ինքը դեմ է նախագծին, բայց ձեռնպահ կքվեարկի: Նախագիծը դրվեց քվեարկության: Կողմ քվեարկեց չորս պատգամավոր: Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, եւ Հովահաննես Մարգարյանը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները դեմ էին: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` ձեռնպահ: Արդյունքում նախագիծը չընդունվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Փայլակ Ֆահրադյան, Գոռ Հովհաննիսյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси