Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բակո Սահակյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Բակո Սահակյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

22:08 | 31.12.2015 | Մամուլ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել։

Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասվում է․

 «Սիրելի՛ արցախցիներ,

Ահա և եկել է պահը, երբ պետք է հրաժեշտ տանք 2015 թվականին:

 Ամեն անցնող տարի իր անջնջելի հետքն է թողնում պատմության մեջ և մեր կյանքում, ինչպես նաև իր հետ տանում է մեր կյանքի մի մասնիկը` տեղ բացելով նորի համար` նոր հաջողությունների, նոր ձեռքբերումների ու արարումների: Հենց այդ հույսով ու ակնկալիքով էլ մենք դիմավորում ենք Նոր տարին` 2016 թվականը, որը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ պետք է ավելի արդյունավետ ու բարեհաջող լինի մեր երկրի ու ժողովրդի, Արցախի յուրաքանչյուր ընտանիքի համար: Այդպիսինն են մեր ցանկություններն ու սպասելիքները:


Սակայն, մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ու դժվարին պայմաններում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունենում նաև մեր տարածաշրջանի և հանրապետության կենսագործունեության վրա: Եվ միասնական ուժերով, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի  անում ենք հնարավորը՝ լուծելու ծառացած խնդիրները, զարգացնելու տնտեսությունը, առաջընթաց գրանցելու տարբեր ոլորտներում:


Այդ խնդիրների շարքում առանձնակի են մեր ժողովրդի և պետության անվտանգության ու պաշտպանունակության հարցերը: Պաշտպանության բանակի շարունակական զորացումը և մարտունակության մակարդակի բարձրացումը եղել է ու լինելու է մեր ռազմավարական գերակա ուղղություններից մեկը և միշտ գտնվելու է պետության հատուկ ուշադրության կենտրոնում:


Մեր հերոսական բանակի զինվորների քաջության ու խիզախության շնորհիվ անցնող տարում կասեցվել են հակառակորդի բոլոր ստոր ու սադրիչ գործողությունները, և նա, կրելով մեծ կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ցավոք, հայրենիքը պաշտպանելիս իրենց կյանքն են զոհաբերել մեր քաջ հայորդիները:  Նրանց անունները ոսկե տառերով են գրվել Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի տարեգրության մեջ:


Թանկագի՛ն բարեկամներ,

 

Քիչ հետո բոլորս տոնական սեղանների շուրջ կդիմավորենք Նոր տարին: Ես ուզում եմ նախ և առաջ շնորհավորել նրանց, ովքեր այս պահին գտնվում են խրամատներում և պաշտպանում են մեր խաղաղությունն ու անվտանգությունը: Ուզում եմ շնորհավորել պաշտպանության բանակի ողջ անձնակազմին: Փա՛ռք ու պատիվ մեր զինվորներին:


Շնորհավորում եմ զոհված ազատամարտիկների և զինվորների ընտանիքներին: Մեր նահատակված ընկերները միշտ մեզ հետ են, մեր կողքին. նրանք ներկա են մեր կատարած գործերում և մեր հիշողության մեջ:


Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Մաղթում եմ բոլորին խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն և անսասան հավատ վաղվա օրվա, մեր երկրի պայծառ ու լուսավոր ապագայի հանդեպ:

Թող գալիք տարին, որը կնշանավորի Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակը, լինի նոր հաջողությունների ու ձեռքբերումների, մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման տարի:

Եվ թող այս տոնական տրամադրությունը տիրի ձեր օջախներում ամբողջ տարվա ընթացքում` պարգևելով ձեզ ուրախություն, երջանկություն և ամենայն բարիք:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ »:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси