Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը

Կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը

19:46 | 28.12.2015 | Մամուլ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի և կյանքի կկոչվի: Քայլեր են իրականացվում նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկ նախաձեռնությանը միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու և այլ ուղղություններով:

Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերը նշված համաձայնագրին՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին շարունակել արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և համաձայնագիրը ստորագրել 2016 թվականի սկզբին՝ սկսելով փորձագիտական հանձնախմբի ձևավորման գործընթացը: Այնուհետև ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նախազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած:

Նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով տուգանք է նախատեսվել նաև այն դեպքում, երբ հայտարարագրում կլինի սխալ կամ կներկայացվեն ոչ ամբողջական տվյալներ: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսված է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Տուգանքները կիրառող մարմինը լինելու է Բարձրաաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Նախագծերի փաթեթն արժանացել է խորհրդի հավանությանը: Վարչապետը հանձնարարել է Արդարադատության նախարարին վերջնական տեսքի բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը, սահմանված կարգով շրջանառել և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը զեկուցել է, որ բարձրագույն կրթության ոլորտում 2015-ի փետրվարից միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվում է «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» երկամյա ծրագիրը, որի նպատակն է ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի բարելավումը: Հաջորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ կողմից կմշակվի «Հայաստանի կրթական ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ռազմավարական պլանը, ինչպես նաև ԵԽ-ի փորձագետների կողմից նախարարությանն է ներկայացվելու էթիկայի կանոնների մշակման ուղեցույցը: Հանրակրթության ոլորտում ընթացիկ տարվա ժամանակահատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերից սկսվել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության ոլորտում» մեկամյա ծրագիրը, որի նպատակն է միջնակարգ կրթության ոլորտում ուսումնասիրել, վերհանել և գնահատել հանրակրթական դպրոցների դասավանդման որակի, ներառական կրթության և դասագրքերի մշակման և տպագրման բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերը:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել ՀՀ ԿԳՆ-ին՝ երկամսյա ժամկետում ավարտել ռիսկերի գնահատումը, քննարկել շահագրգիռ մարմինների հետ, որից հետո ՀՀ կառավարություն ներկայացնել ՀՀ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը՝ համապատասխան միջոցառումներով: Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքը: ՀՀ արդարադության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս ուղղությամբ կատարվել են մի շարք քայլեր, մասնավորապես, ԱՆ-ի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբերին ազդարարվել է Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն հարթակի ստեղծման մասին: Նախարարի խոսքով՝ պետությունը պատրաստ է այս հարթակի շրջանակում համագործակցել բոլոր ՀԿ-ների հետ: Քննարկման առարկա պետք է դառնան հակակառուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների 2015-2018 թվականների ծրագրի կատարմանն ուղղված հարցերը: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման շուրջ:

Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու ՀՀ արդարադատության նախարարին՝ շարունակել համագործակցությունը հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու և նույն ծրագրի կրկնակի ֆինանսավորումը բացառելու նպատակով բոլոր հակակոռուպցիոն ծրագրերի մասին տեղեկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին: Խորհրդին են ներկայացվել 2015 թվականի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման արդյունքները: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը զեկուցել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ն համագործակցում է ԵՄ-ի և ԵԽ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի քարտուղարության և Թմրանյութերի ու հանցավորության պայքարի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի, եվրախորհրդի փողերի լվացման ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի հետ Նիստի ընթացքում ի գիտություն է ընդունվել «Մասնավոր հատվածը և կոռուպցիայի դեմ պայքարը» զեկույցը, որը ներկայացրել է «Թրանսփերնսի ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» ՀԿ ղեկավար Խաչիկ Հարությունյանը: «Ինչպես հայտարարարվել էր Խորհրդի առաջին նիստի ընթացքում, Հայաստանի համար տնտեսական զարգացումն ապահովելը կարևորագույն խնդիր է։ Ըստ այդմ, նախորդ նիստի ընթացքում հանձնարարել էի հատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում գործարար ոլորտի հետ ակտիվ համագործակցությանը։ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված են մի շարք միջոցառումներ` ուղղված վարչարարության պարզեցմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակին` շարունակել ներկայացնել առաջարկություններ վարչարարության պարզեցման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետում պետական եկամուտների հավաքագրման ոլորտում ռիսկերի գնահատման և այդ գնահատման արդյունքում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: Օրակարգի վերջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել մարզային և համայնքային մակարդակներում արդյունավետ, թափանցիկ և մասնակցային կառավարման համակարգի վերաբերյալ զեկույցը: Ընթացքի մեջ են նաև համայքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրման և մի շարք այլ ծրագրեր: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը մարզային և համայնքային մակարդակներում, որի նպատակն է մարզերում և հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ուսումնասիրել միջազգային փորձը ու հնարավորության դեպքում ընդլայնել նման գործիքների կազմը՝ ավելացնելով համայնքների թիվը, որտեղ կիրառվում են այդ գործիքները: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси