Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բիրտ ուժից ամիսներ անց. Լրագրողների գործը չի բացահայտվում

Բիրտ ուժից ամիսներ անց. Լրագրողների գործը չի բացահայտվում

13:20 | 23.12.2015 | Հասարակություն

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքող քաղաքացիների և լրագրողների դեմ 6 ամիս առաջ՝ հունիսի 23-ին, անհամաչափ ուժ կիրառվեց, ինչն աննախադեպ էր վերջին տարիների համար: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ «Իհարկե, հուլիսի 3-ին այդ դեպքերի առնչությամբ հարուցվեց քրեական գործ, սակայն այդ գործով անցնող լրագրողները փաստում են, որ գործը ձևական բնույթ է կրում և անարդյունավետ է: Ի սկզբանե այդ ծավալուն գործը քննում էր ընդամենը մի քննիչ, ինչը նույնիսկ մի փոքր ցինիկ մոտեցում էր: Միայն առժամանակ անց Գլխավոր դատախազը ցուցում տվեց ձևավորել քննչական խումբ»,- ասաց նա:  Աշոտ Մելիքյանը նաև նկատեց, որ Բաղրամյանի դեպքերով հարուցված ընդամենը մեկ քրեական գործի շրջանակներում մինչ օրս տուժող է ճանաչվել 31 հոգի, իսկ ահա մեղադրյալներ և կասկածյալներ չկան: «Կան այդ իրադարձությունների արդյունքում տուժած շատ լրագրողներ, որոնք առ այսօր նույնիսկ չեն հարցաքննվել, մինչդեռ պատրաստ են գնալ և ցուցմունքներ տալ»,- ասաց նա։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ Բաղրամյան պողոտայում բռնության է ենթարկվել, ընդհանուր առմամբ 14 լրագրող և օպերատոր։ «Որպես կանոն՝ բիրտ ուժից տուժում են ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողները։ Խոսքն, իհարկե, Բաղրամյան պողոտայի դեպքերի մասին չէ, քանի որ այնտեղ տուժած լրագրողներն ամենատարբեր ԶԼՄ-ներ էին ներկայացնում։ Իհարկե, ոմանք կարծում էին, որ միջնադարյան մեթոդներով ցույցը ցրելու և լրագրողներին խոչընդոտելու տեղեկությունները կմնային Բաղրամյան պողոտայում, բայց այդպես չեղավ։ Ինչ վերաբերում է այդ օրը ոստիկանների աշխատանքները կարգավորող Լևոն Երանոսյանին, ապա կարծում եմ, նա բռնությունների գործադրման միակ պատասխանատուն չէ։ Նա նույնպես հրաման կատարող է եղել, թեպետ, ակնհայտ է, որ Բաղրամյան պողոտայում բռնություններ գործադրելու հրամաններ է արձակել»,- նշեց Աշոտ Մելիքյանը: 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 23-ին բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

Սիլվա Մանուկյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси