Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ինձ օգնության հասած երիտասարդին դաժանաբար ծեծեցին..»

«Ինձ օգնության հասած երիտասարդին դաժանաբար ծեծեցին..»

21:54 | 22.12.2015 | Մամուլ

Aparaj.am-ը գրում է. «Այս անգամ ինձ հնարավորություն է ընձեռնվել գրելու ևս մեկ մոռացված հերոսի` Արցախյան շարժման և պատերազմի առաջամարտիկ, Աստղաշենի ինքնապաշտպանական ջոկատի հիմնադիր և հրամանատար Վլադիմիր Ղազարյանի մասին:

Վլադիմիր Ղազարյանը ծնվել է 1958 թվականին, Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի ութամյա դպրոցում, ուսումը շարունակել Պատարա գյուղի միջնակարգ դպրոցում: Այնուհետև ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի գյուղատնտեսական համալսարանի հաշվապահություն բաժնում: Ավարտելով ուսումը՝ վերադարձել է հայրենի գյուղ, ամուսնացել:

Համագյուղացի և համադասարանցի, այսօր ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանն այսպես է բնորոշում Վլադիմիրին. «Եթե նրան բնութագրեի երկու բառով, ապա կասեի՝ սկզբունքային և բազմաշնորհ: 10 տարի սովորել ենք միասին, և նրան լավ գիտեմ: Դեռ մանկուց հիանալի գլուխ էր հանում էլեկտրոնիկայից և տեխնիկայից: Հիանալի դաշնամուր էր նվագում, տիրապետում էր մաթեմատիկային: Վլադիմիրը կարդացել է գյուղի գրադարանի բոլոր գրքերը,- նշում է նա և ավելացնում, – Արցախյան շարժման տարիներին ես ականատես եղա նրա՝ մի ընդունակությանը ևս՝ մարդկանց համախմբելու, կազմակերպելու, իր հետևից տանելու կարողությանը»:

Արցախում ստեղծված առաջին ինքնապաշտպանական, կամավորական ջոկատներից մեկը եղել է Աստղաշենի ջոկատը, որը հիմնադրել է Վլադիմիր Ղազարյանը: Սկզբնական շրջանում ջոկատը ստեղծվել է քաղաքացիական պաշտպանության պատրվակի տակ և կոչվել է «Առաջին օգնության ջոկատ»: Ինքնապաշտպանական ջոկատին սկզբում անդամագրվել են 12, ամիսներ հետո՝ ևս 13 հոգի:

Աստղաշենը Արցախի հայաբնակ գյուղերից միակը չէր, ուր հեռավոր նպատակներով բույն էին դրել թուրքաբարո ազերիները: Այդ պատճառով ջոկատի վրա դրված էր ոչ միայն դրսի թշնամուց գյուղը պաշտպանելու պարտավորությունը, այլև՝ գյուղում ազգամիջյան ընդհարման սպառնալիքի կանխումը:

1989 թվականին գյուղը վերջապես ազատագրվեց թուրքերից, սակայն դա չվրիպեց Արցախում շրջող օմոնականների աչքից, ովքեր «անձնագրային ռեժիմի» պատրվակով 1991 թվականի մայիսի 15-ին խուժեցին նաև Աստղաշեն և Շուշիի բանտ նետեցին 27 երիտասարդ աստղաշենցիների: Նրանց թվում էր նաեւ Վլադիմիրը:
«Հիշում եմ՝ բանտարկության 28-րդ օրը, երբ մեր մարմինների վրա առողջ տեղ չէր մնացել, ամբողջությամբ պատված էր կապտուկներով, նրանք արգելում էին մեզ նստել, ինչն անհնար էր մեզ ենթարկած տանջանքներից հետո, իսկ նստած տեսնելու դեպքում՝ ևս մի բաժին ծեծն ապահոված էր, այդ պատճառով խուցի ընկերներով հերթով հերթապահում էինք դռան մոտ: Պատարեցի մի տղայի խնդրեցի, որ իմ տեղ հերթապահի: Այդ օրը առավոտյան ծեծկռտուքից հետո գիտակցությունս դեռ չէր վերականգնվել, չէի կարողանում կանգնել: Երիտասարդը փոխարինեց ինձ այդ օրը: Օրվա վերջում, սակայն, ինձ օգնության հասած երիտասարդին դաժանաբար ծեծեցին: Մեղքի զգացումը խեղդում էր ինձ… Մինչեւ այսօր, երբ հիշում եմ, սիրտս ճմլվում է…»:

Բանտից ազատվելուց վերադարձել է ծանր վնասվածքներով: Վերքերը դեռ չսպիացած՝ անցել է կամավորական ջոկատ հավաքելու գործին, սակայն բանտից ազատվելուց հետո ջոկատի ստեղծումը շատերի համար խենթություն էր: «Շատերը վախենում էին, որ նորից կբռնվեն,- պատմում է Վլադիմիրը,- երկար աշխատանք է պահանջվել` տղաներին համոզելու, որ անհրաժեշտ է ջոկատի ստեղծումը»:

Պատարայի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, այնուհետև վաշտի հրամանատար Կարեն Արզումանյանի խոսքով՝ Վլադիմիրի կատարած գործը մեծ դեր է ունեցել Արցախյան պատերազմում:

12366537_960456170701005_1098108171_n1

«Նա Շարժման առաջին իսկ օրվանից նախաձեռնել է գյուղի կամավորական ջոկատի ստեղծումը և նվիրված իր գործին՝ ջանք ու եռանդ չի խնայել գյուղացիներին համախմբելու գործում,-նշում է Կ. Արզումանյանը,- նա պահանջկոտ և պատասխանատու էր ջոկատի անդամների նկատմամբ, և հրամանատարի այդ հատկանիշների շնորհիվ Աստղաշենի ջոկատն իրեն ըստ արժավույն դրսևորեց պատերազմում»:

Արցախում կամավորական և ֆիդայական ջոկատների հիմքերի վրա սկսեց ձևավորվել ԼՂՀ Պաշտպանական բանակը, որում իր ներդրումն են ունեցել նաև Աստղաշենի ջոկատի ազատամարտիկները:

Աստղաշենի ջոկատի տղաները, Վլադիմիրի գլխավորությամբ, մասնակցել են Խոջալու որջի գրավմանը, իսկ Կարագյավի կրակակետի ոչնչացման առաջին գործողությանը մասնակցել են միայն Վլադիմիր Ղազարյանն ու նրա եղբայր Յուրի Անտոնյանը, երկրորդ օպերացիային՝ Վլադիմիրը, Յուրին և Արմենը, իսկ գրավմանը պատիվ ունեցավ մասնակցելու ամբողջ ջոկատը:

1993 թվականից Վլադիմիր Ղազարյանը զբաղեցրել է Ասկերանի շրջանի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Պատերազմն ավարտվելուց հետո, 1996 թ. աշխատանքի է անցել միացյալ տնտեսությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:

Համագյուղացի Ռայա Պետրոսյանը Վլադիմիրի հետ չորս տարի աշխատել է գյուղի ակումբում: Նրա խոսքով՝ Վլադիմիրը գյուղի ամենահամարձակ և աշխատանքը սիրող երիտասարդն էր:

«Չնայած նրան, որ Վլադիմիրն ակումբում աշխատում էր որպես կինոմեխանիկ, սակայն ակումբի բոլոր գործերն ինքն էր անում: Նա շատ ակտիվ և կազմակերպված անձնավորություն է»,- նշել է տիկին Ռայան:

2003 թվականից` աշխատանքի բերումով Վլադիմիրը հաստատվել է Ստեփանակերտում, և հանդիսանում է Արցախի գազալցակայանների գլխավոր մասնագետը:

Չնայած նրան, որ ներկա պահին բնակվում է Ստեփանակերտում, բայց ասում է. «Ես գյուղացի մարդ եմ, և գյուղը շատ եմ սիրում: Գյուղատնտեսության լավ մասնագետ եմ: Իմ գործը հող մշակելն է ու ֆերմա պահելը: Որքան հնարավոր է՝ փորձում եմ զբաղվել սիրած գործովս»,- ասում է նա:

«Մի առիթով վերջերս տղերքի հետ հավաքվել էինք. որոշեցինք մեր՝ դիպուկ կրակելու հնարքները վերհիշել, – շարունակում է նա,- պարզվեց տարիքի հետ տեսողությունս սկսել է դավաճանել ինձ: Հիշում եմ` վերցրի զենքը և փորձեցի կրակել: Սակայն նայելով թիրախին՝ չէի տեսնում նշանահատիկը, և հակառակը՝ նշանահատիկին նայելով՝ կորցնում էի թիրախը: Մի միտք կրծեց ուղեղս՝ մի՞թե ես այլևս չեմ կարողանալու պաշտպանել իմ հայրենիքը: Չկարողացա զսպել ինձ, հուզվեցի…»:

12366851_960456167367672_623799488_n11

Վլադիմիրը, տուն վերադառնալով, պատվիրեց հատուկ` «երկու հարկանի ակնոցներ», ներքևինը՝ 3, վերևինը՝ 5 համարի, որի միջոցով տեսնում էր և նշանահատիկը, և թիրախը:

«Երեխաներս կատակով այդ ակնոցները պատերազմի ակնոց են անվանում: Այդ ակնոցն է, որ պետք եղած դեպքում՝ նորից հնարավորություն կտա ինձ պայքարելու և շարունակելու սկսած գործս… Ես չեմ կարող անտարբեր նստել: Մեր հարցը դեռ լուծված չէ: Ժողովուրդը չի ուզում պատերազմել, բայց առանց պատերազմի խնդիրը չի կարգավորվի, – ասում է Վլադիմիրը, – ես վստահ եմ, որ այսօրվա սերունդը կանի ավելին, քան մենք ենք արել, սակայն գալիք հաղթանակը իրականություն կդառնա միայն միասնական պայքարի արդյունքում: Երիտասարդներին պետք է գալու ծերուկ հրամանատարների փորձն ու խորհուրդները: Պատերազմն իր օրենքներն է թելադրում: Եթե քարով ու մահակով, ունեցած սակավաթիվ զենքով կռվել և հասել ենք ազատագրված Արցախին, ապա այս ժամանակների տեխնիկայով, այս մակարդակի առաջընթացով հասած ու հասած ենք»»:

Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси