Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զորամասում դաժան ծեծի հետեւանքով զինվորը հոգեկան լուրջ խնդիր է ձեռք բերել

Զորամասում դաժան ծեծի հետեւանքով զինվորը հոգեկան լուրջ խնդիր է ձեռք բերել

16:41 | 12.11.2015 | Մամուլ

Զորամասում դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում զինվորը ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» (ՔՀԻ):

Կազմակերպության հայտարարությունում ասվում է.

«Նոյեմբերի 9-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությանը դիմել են ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 2015թ. հունվարին զորակոչված Ա.Հ.-ի ազգականները եւ հայտնել, որ վերջինս զորամասում դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր եւ տեղափոխվել է Երեւանի կայազորային հոսպիտալ:

ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս, իրոք, ենթարկվել է ուժեղ հոգեբանական տրավմայի եւ ներկայումս ստանում է համապատասխան բուժում: Ըստ ազգականների տվյալների՝ Ա.Հ.-ին զորամասում ծեծի են ենթարկել, ենթադրաբար դեպքը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 6-ին կամ 7-ին:

ՔՀԻ-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ այս միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելու, արդյունավետ եւ անհապաղ քննություն իրականացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հարկ է ընդգծել, որ ինչպես զորակոչվելիս, այնպես էլ ծառայության ընթացքում բուժզննության ժամանակ Ա.Հ.-ի մոտ հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարային ծառայության համար պիտանի: Ուստի, նա խնդիրը ձեռք է բերել ծառայության ընթացքում, ենթադրաբար, դաժան վերաբերմունքի հետեւանքով:

Ա.Հ.-ի հետ կատարվածը միակը չէ: Վերջին տարիներին հասարակությանը հայտնի են դարձել նմանատիպ մի քանի դեպք, երբ վատ եւ նվաստացուցիչ վերաբերմունքի արդյունքում ժամկետային զինծառայողները ձեռք են բերել հոգեկան առողջության հետ կապվածխնդիրներ:

ՔՀԻ-ին դատապարտում է ՀՀ զինված ուժերում նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը եւ կոչ է անում ՀՀ պաշտպանության նախարարությանն արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու պրակտիկան բացառելու ուղղությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է տուժողին տրամադրել համապատասխան բժշկական եւ հոգեբանական աջակցություն:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեն իր մտահոգություններն է հայտնել Հայաստանի զինված ուժերում վատ վերաբերմունքի պրակտիկայի առկայության եւ նշված դեպքերի ոչ պատշաճ քննության վերաբերյալ: Կոմիտեն նշել է, որ պետությունը պետք է կրկնապատկի իր ջանքերն՝ ուղղված բանակում վատ վերաբերմունքի արգելմանը եւ բացառի նման պրակտիկան, ինչպես նաեւ՝ նմանատիպ բոլոր դեպքերով ապահովի արագ, անկողմնակալ եւ լիարժեք քննություն եւ մեղավորներին ենթարկի իրական եւ համաչափ պատժի, իսկ կատարված քննության արդյունքների վերաբերյալ տեղեկացնի հանրությանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси