
ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժած 6 ուղեւոր դուրս է գրվել հիվանդանոցից
13:24 | 04.11.2015 | Հասարակություն
ՌԴ-ում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից 6-ը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Xnews.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Այսօր՝ նոյեմբերի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ Տուլայի շրջանի երեք հիվանդանոցներում են գտնվում 26 տուժած, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 2-ը՝ ծանր, իսկ մնացածը՝ միջին ծանրության:
Կիրեևսկի եւ Նովոմոսկովսկի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում 11 ուղեւոր: Նրանց վիճակը միջին ծանրության է, ունեն կոտրվածքներ կամ բաց վերքեր:
Ամբուլատոր բուժում ստացած ուղեւորներն էլ այս պահին գտնվում են Տուլա քաղաքի հյուրանոցներից մեկում: Այսօր նրանք կստանան իրենց իրերը, եւ չի բացառվում, որ օրվա վերջում վերադառնան Հայաստան:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է:
Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:
Մհեր Խաչատրյան