
Ոստիկանը, իբր, քննիչին փոխանցելու համար քաղաքացուց պահանջել և ստացել է խոշոր չափի գումար
12:57 | 04.11.2015 | Մամուլ
Քաղաքացի Անահիտ Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ 2015 թվականի օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Հետագայում իր ծանոթ, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողը իրեն հայտնել է, թե, իբր, հիշյալ որոշումը կայացվել է նրա միջնորդությամբ և խնդրանքով:
Ոստիկանության ծառայողը հիշյալ որոշումը կայացրած քննիչին փոխանցելու պատրվակով իրենից պահանջել և ստացել է խոշոր չափի գումար: Ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության, խոշոր չափով կաշառք տալու փորձի դրդչության, խոշոր չափի կաշառք տալու փորձի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: