
Վարչապետ. Հայ-ռուսական հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ
21:01 | 02.11.2015 | Մամուլ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահի առանձնազրույցը, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով:
Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ եւ նշել, որ հայ ժողովուրդը սգում է եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տիկին Մատվիենկոյի ներդրումը երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների ընդլայնման եւ խորացման գործում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա այցն էապես կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եւ այս համատեքստում կարեւորել համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է փոխգործակցության մեծ ներուժ ապակենտրոնացված համագործակցության ոլորտում, ինչի իրացմանը նոր ազդակ կարող է հաղորդել տիկին Մատվիենկոյի մասնակցությամբ Երեւանում անցկացվելիք հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ համաժողովի ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների տարածաշրջանների միջեւ ավանդական դարձած համագործակցությանն ինչպես առեւտրատնտեսական, այնպես էլ տեղեկատավակական տեխնոլոգիաների, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:
Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշել, որ դրանում մեծ է նաեւ վարչապետ Աբրահամյանի ներդրումը: Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ է ընդգծել երկու երկրների խորհրդարանների եւ կառավարությունների միջեւ ակտիվ եւ սերտ երկխոսությունը, ինչը նպաստում է երկու ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրների կապերի հետագա ամրապնդմանը: Միաժամանակ, Վալենտինա Մատվիենկոն շեշտել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Հայաստանի կողմից ստանձնելը կնպաստի անվտագության եւ տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացմանն ու կյանքի կոչմանը:
Խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի մասին՝ տիկին Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու երկրների տարածաշրջանների միջեւ հարաբերությունների խորացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առեւտրաշրջանառության ծավալների աճին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվելիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, տարածաշրջանային խնդիրների: