Ջավադյանը` ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ունենալու մասին
13:53 | 02.11.2015 | Մամուլ
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր խորհրդարանում 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին ի պատասխան ասաց, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթին անցնելու համար դեռ վաղ է:
«Մեկ ամիս առաջ ԿԲ նախագահները հավաքվել են, ռուսներն ու ղազախները հայտարարություն են անում, որ մինչև 2025 թիվը դրանով ընդհանրապես չեն զբաղվելու: Հետո սկսեցին քննարկել այդ հարցը, իմ ու իմ կոլեգաների կարծիքով՝ մինիմում 30-40 տարվա պրոցես է դա»,- ասաց Ջավադյանը: Նրա խոսքով՝ այդ մասին խոսակցություններն ավելի շատ սպեկուլյատիվ բնույթի խոսակցություններն են՝ ներկայացված տարբեր փորձագետների կողմից, թե վաղվանից սկսելու է այդ գործընթացը, վաղվանից սկսելու ենք: «Դա այնքան դժվար պրոցես է: Մինչև միասնական արժույթ ունենալը մենք պետք է միասնական տնտեսական տարածք ունենանք: Մեր գնաճը 3.4 տոկոս է, ՌԴ-ում 16-17 տոկոս»,- ասաց Ջավադյանը:
Արթուր Ջավադյանն նաեւ հայտարարեց, որ վերջին 7 տարում իր ղեկավարած կառույցում աշախատավարձերի բարձրացումներ չեն եղել, ինչպես նաև չեն ավելացել գործուղումների ու ներկայացուցչական ծախսերը: «Ավելին` ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերի առավել ցածր շեմ ենք սահմանել, քան անցած տարի էր, նվազեցրել ենք նաև կապի համար տրամադրվող ծախսերը: Նախատեսված է իրականացնել մոտ 25 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ՝ երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ, ուսանողական վարկեր, զինծառայողներին տրամադրվող վարկեր և այլն»,- տեղեկացրեց Արթուր Ջավադյանը:
Xnews.am